Վիգեն Սարգսյանը ներկայացրել է ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի բրիգադի նոր հրամանատարին

Հոկտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այցելել է ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի բրիգադ և անձնակազմին է ներկայացրել բրիգադի նորանշանակ հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանին:Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի բրիգադ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի բրիգադ

Ներկայացնելով ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանին՝ պաշտպանության նախարարը համոզմունք է հայտնել, որ նրա գիտելիքները լավագույնս կդրսևորվեն ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումների ծառայության կազմակերպման գործում:

«Զինվորական ծառայության ընթացքում պաշտոնի և ծառայավայրի փոփոխությունները ծառայության անբաժան մասն են կազմում, քանի որ մեզ հարկավոր են ունիվերսալ հրամանատարներ, ովքեր, ենթարկելով պլանային ռոտացիոն նշանակումների, կարողանում են լայնացնել իրենց կառավարման ոլորտը, դրսևորել հրամանատարական ջիղը, առավել օգտակար լինել զինված ուժերի առջև դրված խնդիրների լուծման հարցում»,– նշել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել նաև բրիգադի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանի դերակատությունը խաղաղապահ ստորաբաժանումների կազմավորման գործում և շնորհակալություն հայտնել բրիգադի հրամանատարի պաշտոնում երկարատև ծառայության համար:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի հրամանագրով սեպտեմբերի 29-ի հրամանագրով՝  ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատված գնդապետ Վաղինակ Սարգսյանը նշանակվել է խաղաղապահ բրիգադի հրամանատարի պաշտոնում:

Նշենք, որ Հայաստանը խաղաղապահ առաքելություններին միացել է 2001-ին, իսկ անմիջական մասնակցություն ունի 2004 թվականից: Ներկայում հայ խաղաղապահները ծառայություն են իրականացնում Աֆղանստանում, Լիբանանում և Կոսովոյում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *