Թուրքիայի հետախուզական կազմակերպությունն անցել է նախագահի ենթակայությանը

Թուրքիայի իշխանությունների որոշմամբ երկրի ազգային հետախուզական կազմակերպությունը (MİT) այսուհետ գործելու է նախագահի անմիջական ենթակայության ներքո: Համապատասխան հրամանագիրը oգոստոսի 25-ին հրապարակվել է Թուրքիայի պաշտոնական տեղեկատուում (Resmi Gazete):

Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության գլխավոր քարտուղար Հաքան Ֆիդան

Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության գլխավոր քարտուղար Հաքան Ֆիդան

Մինչ այդ պետական հետախուզական ծառայության և ազգային հետախուզության կազմակերպության մասին օրենքի համաձայն՝ այն գործում էր վարչապետին կից:

Հրամանագիրն ընդունվել է Թուրքիայում գործող «արտակարգ իրավիճակի» պայմաններում և, հրապարակվելով պաշտոնական տեղակատուում, անմիջապես մտել է ուժի մեջ: Հրամանագիրն ընդունելու որոշումը կայացվել էր դեռևս օգոստոսի 15-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ անցկացված նախարարների խորհրդի նիստին:

Նույն հրամանագրով փոփոխվել է նաև հետախուզական ծառայության և ազգային հետախուզության կազմակերպության մասին օրենքի 7-րդ կետը: Եթե նախկինում ազգային հետախուզական կազմակերպության քարտուղարը իր պարտականությունների իրականացման համար պատասխանատու էր վարչապետին, ապա ներկայում կատարված փոփոխության համաձայն՝ քարտուղարը այսուհետ իր գործունության համար պատասխանատու է Թուրքիայի նախագահին:

Օրենքի 9-րդ կետում կատարված փոփոխության համաձայն՝ այսուհետ ազգային հետախուզության կազմակերպության կազմը ամեն տարի որոշելու է կազմակերպության քարտուղարը, սակայն հաստատելու է նախագահը:

Օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ ազգային հետախուզության կազմակերպության քարտուղարի նկատմամբ հետաքննություն կարող է իրականացվել միայն նախագահի թույլտվությամբ: Հետաքննության համար թույլտվություն տալու կամ չտալու որոշման դեմ առարկությունների դեպքում 10 օրվա ընթացքում պետք է դիմել պետական խորհուրդ: Խորհրդի ընդունած որոշումը վերջնական է: Թույլտվության ստանալու դեպքում հետաքննությունը վարելու է գերագույն դատարանի գլխավոր դատախազը:

Մյուս կողմից, Թուրքիայի պաշտպանության նախարարությունում և զինված ուժերում ծառայող անձանց վերաբերող հետախուզական գործունեությունը վարելու է ազգային հետախուզական կազմակերպությունը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում 2016-ի հուլիսի 15-16-ին տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Բազմաթիվ զինծառայողներ հեռացվել են զինված ուժերից և ուժային մյուս կառույցներից: Մինչ այժմ շարունակվում են հետապնդումներն ու ճնշումները զինված ուժերի, ինչպես նաև այլ կարևոր կառույցների, մամուլի ներկայացուցիչների և այլոց նկատմամբ:

Միևնույն ժամանակ ռազմական հեղաշրջումը հարմար առիթ դարձավ Թուրքիայի իշխանությունների համար զինված ուժերը «անցանկալի տարրերից մաքրելու» և իսլամամետ տարրերով համալրելու համար: Հեղաշրջման փորձից հետո կարևոր փոփոխություններ իրականացվեցին զինված ուժերում.

  • Ժանդարմերիայի և առափնյա անվտանգության հրամանատարությունները ամբողջությամբ դրվեցին Թուրքիայի ներքին գործերի նախարարության վերահսկողության ներքո,
  • Թուրքիայի ցամաքային զորքերը, ռազմաօդային և ռազմածովային ուժերը դրվեցին Թուրքիայի ՊՆ վերահսկողության ներքո,
  • Փակվեցին ռազմական լիցեյները, ՊՆ ենթակայության տակ ստեծվեց Թուրքիայի պաշտպանության համալսարան, որի ռեկտորին առաջարկում է պաշտպանության նախարարը, նշանակում է երկրի նախագահը,
  • Ստամբուլից և Անկարայից դուրս բերվեցին և տեղափոխվեցին այլ նահանգներ Թուրքիայի ԶՈւ հիմնականում տանկային, հրետանային ստորաբաժանումները,
  • Զինվորական հոսպիտալները և Գյուլհանեի ռազմաբժշկական ակադեմիան դրվեցին առողջապահության նախարարության վերահսկողության ներքո:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *