Ռուսաստանը և Աբխազիան զինտեխնիկայի փոխանցման պայմանագիր են կնքել

Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինի և Աբխազիայի ԶՈւ ԳՇ պետ Անատոլի Խռուլյովի հանդիպման ընթացքում ստորագրվել է ռազմական տեխնիկայի մատակարարման պայմանագիր: Այս մասին, հղում անելով ՌԴ ՊՆ-ին, հայտնում է «Ինտերֆակս» լրատվական գործակալությունը:

Ստորագրվել են աբխազական կողմին ռազմական գույքի փոխանցման փաստաթղթեր: Տվյալ աշխատանքը տարվում է համապատասխան՝  ՌԴ և Աբխազիայի միջև 2014 թ. նոյեմբերի 24-ից գործող դաշնակցության և ռազմավարական համագործակցության պայմանագրով, որը ներառում է նաև Աբխազիայի զինված ուժերի արդիականացումը:

ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ չի նշվում, թե խոսքը կոնկրետ ինչ սպառազինության մասին է:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Աբխազիայում տեղակայված ՌԴ ռազմաբազայի գործունեության, ինչպես նաև Աբխազիայի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի ստեղծման հարցեր:

Ռուսաստանյան կողմից միացյալ ուժերի կազմի մեջ մտնում է Աբխազիայում տեղակայված ՌԴ 7-րդ ռազմաբազան, իսկ աբխազական կողմից՝ 2 մոտոհրաձգային գումարտակ, հրետանային և ավիացիոն խմբեր և հատուկ նշանակության ջոկատ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *