Չինաստանը թարմացնում է իր ուղղաթիռային ավիապարկը ևս 4 միավոր Մի-171Ե-ով

2017-ի հուլիսի 20-ին «ՄԱԿՍ-2017» ավիացուցահանդեսի շրջանակներում Ռուսաստանը և Չինաստանը ստորագրել են պայմանագիր, որով Չինաստանը Ռուսաստանից հավելյալ 4 միավոր Մի-171Ե ուղղաթիռ կգնի: Այս մասին հայտնել է «Ռոսօբորոնէկսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեեևը: Պայմանագիրը կիրագործվի 2018-ին:

Բացի այդ, Չինաստանը Ռուսաստանի հետ կնքել է նաև ուղղաթիռների համար 4 միավոր ВК-2500 շարժիչ ձեռքբերման պայմանագիր: Շարժիչները կփոխարինեն Մի-17 ուղղաթիռների շարժիչներին: Դրանք կմատակարարվեն 2018-ին:

Չինաստանը պարբերաբար Ռուսաստանից գնում է այս ուղղաթիռներից: Military Balance 2017 զեկույցի համաձայն՝ ներկայում Չինաստանը իր ուղղաթիռային ավիապարկում ունի միջինը 140 միավոր Մի-171 ուղղաթիռ:

Մի-171Ե ուղղաթիռը Մի-8-ի մոդիֆիկացված տարբերակն է։ Նախատեսված է ուղևորների և բեռների փոխադրման, որոնողափրկարարական, տարհանման աշխատանքների իրականացման համար:

3 հոգանոց անձնակազմ ունեցող Մի-171-ը շահագործվում է 1992-ից, այն կարող է բարձրացնել մինչև 6 տոննա բեռ, կամ 26 ուղևոր։ Ուղղաթիռը կարող է զարգացնել մինչև 250 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 5 000 մետր է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *