Հուլիսի 15-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ և ՊԲ հրամանատարի ու բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ, եղել է սահմանագծի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետերում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Վիգեն Սարգսյանը ծանոթացել է սահմանային իրավիճակին, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և զրուցել դիրքապահների հետ:
Զորամասի մշտական տեղակայման վայրում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են մարտական ծառայության իրականացման ու զորքերի փոխգործակցությանն առնչվող աշխատանքային խնդիրներ:
Նույն օրը Վիգեն Սարգսյանը եղել է նաև Ստեփանակերտի հոսպիտալում:
Շրջելով հոսպիտալի բաժանմունքներով՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետաքրքրվել է բուժվող զինծառայողների առողջական վիճակով, զրուցել նրանց հետ և շուտափույթ ապաքինում մաղթել: