ԱՄՆ ԶՈւ-ն քաղաքացիական դրոնների դեմ պայքարի համար նոր ծրագրեր է մշակում

ԱՄՆ օդային ուժերը Աֆղանստանի «Բագրամ» ավիաբազայում կատարում են քաղաքացիական դրոնների թռիչքային վարժանքներ և դրանց կիրառման մարտավարությունների ուսումնասիրություն՝ հակառակորդի դրոնների դեմ արդյունավետ պայքարելու նպատակով:

Վարժանքների մասին հայտնում է ԱՄՆ օդուժի կենտրոնական հրամանատարության կայքը:

ԱՄՆ ԶՈւ զինծառայողները վարժանքներ են անցկացնում DJI Phantome քաղաքացիական դրոններով

ԱՄՆ ԶՈւ զինծառայողները վարժանքներ են անցկացնում DJI Phantome քաղաքացիական դրոններով

Վարժանքների անցկացման վայրը՝ Աֆղանստանի «Բագրամ» ավիաբազան, ընտրվել է նաև այն պատճառով, որ այստեղ զինծառայողները հնարավորություն ունեն նաև իրական պայմաններում փորձարկել սարքերը:

Աֆղանստանի «Բագրամ» ավիաբազայում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում միջազգային ուժերի հետ միասին տեղակայված են նաև ԱՄՆ ԶՈւ ստորաբաժանումներ:

Դրոնների կառավարման վարժանքներից զատ զինծառայողները ուսումնասիրում են նաև հակառակորդի փորձը, կրկնօրինակում դրոններ կիրառելու մարտավարությունները, ինչպես նաև դրանց հակազդելու համար փնտրում լուծումներ:

Հրապարակված լուսանկարներում ամերիկացի զինծառայողների ձեռքին երևում են չինական DJI ընկերության Phantom դրոններ, որոնք նախատեսված են քաղաքացիական օգտագործման համար:

Ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված փորձը բացի ԱՄՆ ԶՈւ-ից, կիրառվելու է նաև ԱՄՆ գլխավորած կոալիցիայի անդամներին մարզելու համար:

Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հենց քաղաքացիական նշանակության դրոնները ձևափոխելով, լայնորեն կիրառում է նաև ռազմական՝ հարվածային նշանակությամբ: Որոշ կադրերում երևում են նաև ԻՊ կողմից հենց DJI Phantome դրոնների մարտական կիրառության օրինակներ:

ԻՊ-ն քաղաքացիական դրոններ է կիրառում նաև ԱՄՆ աջակցությամբ գործող քրդական ուժերի դեմ՝ Սիրիայի Ռաքքա քաղաքում: Քրդական ուժերը մի քանի անգամ հայտնել են ԻՊ քաղաքացիական դրոններ խոցելու մասին:

Սիրիայից և Իրաքից բացի, քաղաքացիական դրոններն անախորժություններ են ստեղծում նաև հենց ԱՄՆ-ում՝ խոչընդոտելով երկրի ՌՕՈւ աշխատանքին: Դրա մասին նշում է ԱՄՆ ՌՕՈւ հրամանատար Ջեյմս Հոլմեսը: Ըստ հրամանատարի՝ դեպքեր են եղել, երբ քաղաքացիական ԱԹՍ-ն ներխուժել է ավիաբազայի տարածք կամ մոտ է եղել ԱՄՆ ՌՕՈւ Ֆ-22 կործանիչի հետ բախմանը:

Քաղաքացիական փոքր ԱԹՍ-ների դեմ պայքարի համար ԱՄՆ-ում մայիսին մշակել էին նաև VMAX RF դյուրակիր ՌԷՊ կայաններ: Այդ կայանը զետեղված է ուսապարկի մեջ և ավելի հարմար է մարտի դաշտում տեղափոխելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *