ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարն Անկարայում քննարկել է սիրիական ճգնաժամը

Հուլիսի 12-ին Անկարա է ժամանել ԱՄՆ օդուժի հրամանատար, բանակի գենարալ Դեյվիդ Գոլֆեյնը: Այստեղ նա հանդիպել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գենարալ Հուլուսի Աքարի հետ: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Անկարայում հանդիպել են ԱՄՆ ՌՕՈւ հրամանատարը և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը. հուլիս 2017

Անկարայում հանդիպել են ԱՄՆ ՌՕՈւ հրամանատարը և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը. հուլիս 2017

Աքարի հետ հանդիպման մարնամասները չեն հաղորդվում, սակայն ամենայն հավանակության կողմերը քննարկել են սիրիական ճգնաժամը:

Նույն օրը թուրքական «Հյուրիեթ Դեյլի Նյուզ» լրատվակայքը հայտնել է, որ ԱՄՆ ՌՕՈւ հրամանատարը հանդիպել է նաև Թուրքիայի ՌՕՈւ հրամանատար, բանակի գեներալ Աբիդին Ունալին: Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ըստ աղբյուրի՝ այցի նպատակն է եղել նաև քննարկել Սիրիայի որոշ շրջաններում «ոչ թռիչքային գոտիներ» ստեղծելու հարցը:

Մինչ այս՝ հուլիսի 9-ին, պաշտոնական այցով Թուրքիա ժամանած ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և արտգործնախարար Մևլյութ Չավուօղլուին: Թիլլերսոնը Չավուշօղլուի հետ քննարկել է Սիրիայի և Կատարի ճգնաժամին վերաբերող հարցեր:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահագները աջակցում է Սիրիայի քրդերին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Մասնավորապես ԱՄՆ աջակցությամբ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը (SDF), որի կազմում նաև ընդգրկված են քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) խմբավորման մարտիկները, սկսել է իսլամիստ զինյալներից Սիրիայի Ռաքքա քաղաքի ազատագրումը: Այս փաստից բողոքում է Թուրքիան, որը Սիրիայի քրդական կառույցները ահաբեկչական է համարում:

Սիրիայի քրդական խմբավորումներին ԱՄՆ-ի աջակցության պատճառով թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը առաջացել է դեռևս նախկին նախագահ Բարաք Օբամայի նախագահության վերջին շրջանում: Թուրքիան հույս ուներ կարգավորել ԱՄՆ հետ հարաբերությունները նոր նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության օրոք: Սակայն Թրամփը նույնպես շարունակեց Սիրիայի քրդերին աջակցելու քաղաքականությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *