ՀՀ ԱԻՆ-ը վարժանք է անելու Երևանի մետրոպոլիտենում

Հունիսի 30-ին՝ ժամը 23:30-ին, Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում կանցկացվի «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում» թեմայով ուսումնավարժությունը, որը կազմակերպել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը:

Սցենարի համաձայն՝ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում պայթյուն է եղել, որի հետևանքով հրդեհ է բռնկվել շարժակարգի վագոններից մեկում: Արդյունքում կա 4 տուժած: Դեպքի վայր են ժամանում ՀՀ ԱԻՆ ԱԻ արձագանքման խմբերը, փրկարար ծառայության մոնիտորինգի և հոգեբանական աջակցության բաժինները, ՀՆՓԱԻԿ խումբը, ՀՀ ոստիկանության, «Շտապ բուժօգնության» «Երևան Ջուր», «Երևանգազ» ԳԳՄ-ի և «Էլ.ցանց» վթարային խմբերը և բրիգադները:

Երկրորդ փուլում պայթյուն է եղել շարժակազմում, որը դուրս էր եկել «Երիտասարդական» կայարանից և շարժվում էր «Հանրապետության հրապարակ» կայարան: Թիվ 2 կանչով «Հանրապետության հրապարակ» կայարան են մեկնում ԱԻՆ տարբեր ՀՓՋ-ների մարտական հաշվարկները:

Վաժանքի նպատակներն են.

  • կատարելագործել Երևանի մետրոպոլիտենի կազմավորումների և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների դեպքում,
  • ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը ստեղծված իրավիճակում,
  • կատարելագործել անձնակազմերի գործնական հմտությունները փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ:

Ուսումնավարժությանը, բացի ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումներից, կմասնակցեն նաև մետրոպոլիտենի կազմավորումները, մետրոպոլիտենի պահպանության ոստիկանության 10 աշխատակից և 90 նմանակող, ՀՀ ոստիկանության կենտրոն բաժնից և Ճանապարհային ոստիկանությունից՝ 2-ական կարգախմբեր, «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ից՝ 2 բրիգադ, «Երևան Ջուր» ՓԲԸ-ից, «Երևանգազ» ԳԳՄ-ից և «Էլ.ցանց» ՓԲԸ-ից՝ մեկական վթարային խմբեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *