Վիգեն Սարգսյանը ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների նիստին

Հունիսի 29-ին Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» գործողության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների նիստին և ունեցել երկկողմ հանդիպումներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հանդես է եկել ելույթով՝  ներկայացնելով Աֆղանստանում, և ընդհանրապես լայն տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու տեսլականը, ինչպես նաև առաջարկել որոշակի լուծումներ՝ առկա խնդիրների պաշտպանական բաղադրիչի շրջանակներում։

Նիստի հիմնական արդյունքները լրատվամիջոցներին է ներկայացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Նիստի ավարտից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի հետ երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի համագործակցության ընթացքն ու ապագա ծրագրերը։

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը

Անդրադարձ է կատարվել նաև գլոբալ ու տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, ներկայացվել է Հայաստանում ընթացող պաշտպանական բարեփոխումների շրջանակը, տեսակետներ են փոխանակվել դրանց իրականացման գործում ՆԱՏՕ-ի օժանդակության հնարավորությունների ու ձևաչափի վերաբերյալ։

Բրյուսել կատարած այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է նաև Եվրոպական Միության ռազմական կոմիտեի նախագահ, բանակի գեներալ Միխաիլ Կոստարակոսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարվել են Հայաստանի և ԵՄ ռազմական օղակների միջև համագործակցության հաստատման հնարավորությունն ու հեռանկարները։

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Եվրոպական Միության ռազմական կոմիտեի նախագահ, բանակի գեներալ Միխաիլ Կոստարակոսին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Եվրոպական Միության ռազմական կոմիտեի նախագահ, բանակի գեներալ Միխաիլ Կոստարակոսին

Քաղաքացիական հասարակության հետ համագործակցության շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Քարնեգի հիմնադրամի եվրոպական մասնաճյուղում հանդիպում է ունեցել մի շարք միջազգային հետազոտական կենտրոնների փորձագիտական անձնակազմի հետ։ Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է փորձագետների հնչեցրած հարցերին, ինչպես նաև ծանոթացել նրանց կողմից իրականացված վերջին հետազոտությունների ու վերլուծությունների արդյունքներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *