Թեհրանի ահաբեկչական հարձակումները. այն ամենը, ինչ պետք է իմանալ

Հունիսի 7-ի առավոտյան երկու խումբ զինված անձինք Թեհրանում գրոհել են Իրանի խորհրդարանի շենքը և Իմամ Խոմեյնիի դամբարանը: Կրակոցների և ինքնասպան ահաբեկիչների իրականացրած պայթյունների հետևանքով զոհվել է 12 մարդ, վիրավորվել է ևս 42 քաղաքացի:

Օրվա երկրորդ կեսին ահաբեկիչները վնասազերծվել են. նրանցից մի քանիսը սպանվել են, մի քանիսը՝ ձերբակալվել, բայց ահաբեկիչների հստակ քանակն Իրանի իշխանությունները չեն բացահայտել: Ահաբեկչությունների կազմակերպման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Իմամ Խոմեյնու դամբարանում. լուսանկարը «Թասնիմ» գործակալության

Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Իմամ Խոմեյնու դամբարանում. լուսանկարը «Թասնիմ» գործակալության

Ռազմինֆոյի հետ զրույցում իրանագետ Արմեն Իսրայելյանը նշում է, որ չնայած ահաբեկչությունները միանգամից երկու տեղում իրականացվեցին՝ սակայն Իրանի անվտանգության ուժերը կարողացան արագ վնասազերծել ահաբեկիչներին:

«Միաժամանակ երեք տեղ է նախատեսված եղել: [Խմբերից] մեկին կարողացել են [վնասազերծել]: Բայց նաև և Մեջլիսի շենք մուտք գործողներից ոմանց են ձերբակալել, և նաև Իմամ Խոմեյնիի դամբարանի շրջակայքում: Այսինքն ամեն դեպքում երեքից մեկն ամբողջովին վնասազերծվել է, իսկ երկուսի դեպքում [մի մասին] կարողացել են ձերբակալել»:

Ահաբեկչական գործողությունների ընթացքում սպանվել է 12 քաղաքացի, վիրավորվել 42 մարդ: Եվս մոտ 8 զինյալ վնասազերծվել կամ ինքնասպան է եղել հենց գործողությունների վայրերում:

«Ահաբեկիչներից [սպանվել է] երկու հոգի՝ Խոմեյնիի դամբարանի մոտ. այսինքն, դրանցից մեկը կին է, որը մահապատ ահաբեկիչ էր, իսկ մյուսը անվտանգության ուժերի հետ բախումների ժամանակ է սպանվել: Իսկ Մեջլիսում հակասական է. վերջին գործողության՝ ավարտական փուլում 4 հոգու վնասազերծեցին, բայց մինչև այդ խոսում էին ևս 2 ահաբեկչի վնասազերծման մասին»:

Ահաբեկիչների վնասազերծումից հետո Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է վրեժխնդիր լինել ահաբեկիչներից:

Իրանի խորհրդարանի և Խոմեյնիի դամբարանի դիրքը Թեհրանում

Իրանի խորհրդարանի և Խոմեյնիի դամբարանի դիրքը Թեհրանում

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը նշում է, որ «Իսլամական պետություն» խմբավորումը հատուկ է ընտրել այս ժամանակահատվածը՝ Իրանում ահաբեկչություն իրականացնելու համար:

«Պարսից ծոցում իրավիճակն է բավական լարված. այսինքն, Կատարի և սուննիական այլ միապետությունների միջև լարված հարաբերություններ կային: Եվ շատ հարմար պահ էր իսլամականների համար՝ գնալու նման գործողությունների զուտ այն պատճառով, որ հենց ցույց տային սուննիական աշխարհին, որ կա մի կառույց, որ ի զորու է ռազմական գործողություններ իրականացնել իրենց հիմնական հակառակորդի դեմ՝ շիական Իրանի դեմ, հենց նրա տարածքում, մայրաքաղաքում»:

Նախորդ՝ 2016 թվականին նույնպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը փորձել է ահաբեկչություն իրականացնել Իրանում, սակայն այն ժամանակ Իրանի անվտանգության ուժերը կարողացել էին վնասազերծել զինյալներին: Սակայն «Իսլամական պետությունը» միակ կառույցը չէ, որ Իրանում ահաբեկչություններ է կազմակերպում, նշում է Արմեն Իսրայելյանը:

«Մշտապես եղել են ահաբեկչական գործողություններ Իրանի Սիսթան և Բելուջիսթան նահանգում և Քուրդիստան նահանգում: Այսինքն պարբերաբար այսպիսի գործողություններ եղել են, և ամենաթարմ դեպքը տեղի է ունեցել մոտ մեկ շաբաթ Արևմտյան Ատրպատական նահանգում՝ Իրանի անվտանգության ուժերի և քրդական PJAK խմբավորման միջև»:

Իրանում Հայաստանի դեսպանությունը հայտնել է, որ հունիսի 7-ի հարձակումների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների, հայերի առկայության մասին տեղեկատվություն չկա: Իրանում լույս տեսնող «Ալիք» օրաթերթի կայքն իր հերթին հայտնել է, որ Իրանի խորհրդարանի վրա հարձակման հետևանքով Մեջլիսի՝ ազգությամբ հայ երկու պատգամավորները չեն տուժել:

Հայաստանի նախագահն արդեն իր ցավակցությունն է հայտնել Իրանի իր պաշտոնակցին՝ ահաբեկչական հարձակումների և դրանց հետևանքով անմեղ զոհերի ու տասնյակ վիրավորների կապակցությամբ: Հայաստանի ԱԳ նախարարությունն իր հերթին դատապարտել է ահաբեկիչների գործողություններն ու զորակցություն է հայտնել իրանցիներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *