Ադրբեջանի ՊՆ լուսանկարում երևացել է իսրայելական Heron ԱԹՍ-ին նմանվող սարք (ՖՈՏՈ)

Այսօր՝ հունիսի 7-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել է երկրի ռազմաօդային ուժերի ուսումնական կենտրոն: Այցից հրապարակված լուսանկարներից մեկում երևում է ԱԹՍ-ի մի հատված, որը շատ նման է իսրայելական արտադրության Heron ընտանիքի անօդաչու թռչող սարքերին:

Ադրբեջանի ՊՆ կայքում հրապարակված լուսանկարը, որում երևում է «խորհրդավոր» անօդաչու թռչող սարքը

Ադրբեջանի ՊՆ կայքում հրապարակված լուսանկարը, որում երևում է «խորհրդավոր» անօդաչու թռչող սարքը

Ադրբեջանի կողմից Heron ԱԹՍ-ների ձեռքբերման մասին նախկինում ևս եղել են չհաստատված տեղեկությունները, սակայն սա սարքի ցուցադրության առաջին դեպքն է:

Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» տվյալների համաձայն՝ Ադրբեջանը 2012-ին Իսրայելից ձեռք է բերել 16 սարքի լիցենզիոն հավաքման թույլտվություն` 300մլն դոլարով։ Նույն աղբյուրի համաձայն՝ սարքերն արտադրվել են 2013-2016թթ. ընթացքում, ամեն տարի՝ 4 միավոր։

Սակայն SIPRI-ի տվյալների համաձայն՝ Ադրբեջանն ընդհանուր գնվել է 5 Heron անօդաչու թռչող սարք։ Գործարքը կնքվել է 2011-ին, մատակարարումն ավարտվել՝ 2013-ին:

Ադրբեջանի ՊՆ հրապարակած նկարում երևացող սարքի համեմատությունը Heron RPA և Super Heron ԱԹՍ-ների հետ

Ադրբեջանի ՊՆ հրապարակած նկարում երևացող սարքի համեմատությունը Heron RPA և Super Heron ԱԹՍ-ների հետ

Ադրբեջանի պաշտպանության նախարարի այցի վերաբերյալ հրապարակմանը կից լուսանկարում պատկերված սարքը որոշակի նմանություններ ունի իսրայելական Heron սարքի միանգամից երկու տարբերակի՝ Heron RPA և Super Heron:

Բնութագրեր Heron RPA Super Heron
Առավ. արագությունը (կմ/ժ) 180 277
Առավ. բարձրություն (կմ) 10 9
Թռիչքի առավ. տևող. (ժամ) 24 45

Նշենք, որ Super Heron տարբերակը Իսրայելը առաջին անգամ ներկայացրել է 2014-ին, և հավանականությունը քիչ է, որ հենց այդ տարբերակն են վաճառել Ադրբեջանին:

ԱԹՍ-ներն արտադրում է իսրայելական Israel Aerospace Industries ընկերությունը: Սարքերը նախատեսված են հետախուզական տվյալների հավաքման և փոխանցման համար: Դրանց տարբերակներ առկա են Իսրայելի, ԱՄՆ, Թուրքիայի, Ավստրալիայի, Գերմանիայի, Հարավային Կորեայի, Կանադայի և մի քանի այլ երկրների ԶՈւ սպառազինության մեջ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *