Թուրքիան նոր ռազմական խմբավորում է ստեղծում Սիրիայի հյուսիսում

Թուրքիան Սիրիայի հյուսիսում գրաված իր տարածքներում նոր զինված խմբավորում է կազմավորում, որը, ըստ էության, տեղում գործող տարբեր մանր խմբավորումների և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման միավորումն է լինելու:

Կազմավորվող «Սիրիայի ազգային բանակ» խմբավորումը գործելու է Թուրքիայի «Եփրատի վահան» գործողության շրջանակներում Սիրիայում գրավված տարածքներում: Խմբավորման հայտարարվող նպատակը նշված տարածքում անվտանգության և ապագայում միասնության ապահովվումն է, ինչպես նաև Սիրիական քրդական ուժերի կողմից տարածքի դեմոգրաֆիկ պատկերի փոփոխման կանխարգելումն է:

Թուրքիայի նախագահ Էրդողանը կազմավորումը ներկայացրել է, որպես հաջորդ քայլ «Եփրատի վահան» գործողությունից հետո:

Թուրքական բանակը «Եփրատի վահան» գործողության շրջանակներում Սիրիայի հյուսիսային շրջաններ էր ներխուժել անցած տարվա օգոստոսի 24-ին: Գործողության հիմնական նպատակն էր թույլ չտալ Եփրատի աջ և ձախ կողմում գործող քրդական ուժերի միավորվել, ինչը հաջողվել է:

Մյուս կողմից ակտիվ ռազմական գործողություններ էին ընթանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, որոնց այդ տարածքում վերջին հենասյուն Ալ-Բաբ քաղաքը թուրքական բանակը կարողացավ վերցնել 2017թ. փետրվարին:

Թուրքական զինուժը և հովանավորյալ զինյալները՝ Ալ-Բաբում

Թուրքական զինուժը և հովանավորյալ զինյալները՝ Ալ-Բաբում

ԻՊ-ին Սիրիայի հյուսիսից դուրս մղելուց հետո Թուրքիան կարող էր ծավալվել կամ քրդական ուժերի, կամ Սիրիայի կառավարական ուժերի դեմ մարտական գործողություններ վարելով:

Սիրիայի քրդերը մեծագույն դերակատարություն ունեն Սիրիայում ԻՊ մայրաքաղաք համարվող Ռաքքան ազատագրելու գործողության շրջանակներում և մեծ աջակցություն են ստանում ԱՄՆ-ից և միջազգային կոալիցիայից: Կառավարական բանակն էլ Ռուսաստանի օգնությամբ Հալեպի ազատագրումով ամուր հաստատվել էր այդ շրջանում: Այս պայմաններում երկու կողմերից որևէ մեկի դեմ Թուրքիայի գործողությունները քիչ հավանական էին:

Այսպես իրենց հիմանական խնդիրը կատարելուց և հյուսիսում հաստատվելուց հետո Թուրքիան մարտի 29-ին հայտարարեց «Եփրատի վահան» գործողության դադարեցման մասին:

Տեղում նոր ռազմական խմբավորում ձևավորելով՝ Թուրքիան, ըստ էության, ամրագրում և ամրապնդում է իր ներկայությունը հյուսիսում:  Ներկայիս իրավիճակից և հայտարորվող նպատակներից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ նոր ռազմական խմբավորման առաջնային դերը հենց քրդական ուժերի դեմ է, սակայն չի կարելի բացառել նաև, որ պատեհ առիթի դեպքում այն կուղղվի կառավարական ուժերի դեմ:

«Սիրիայի ազգային բանակ» կազմավորման մեջ մտնող խմբավորումներից «Մունթասիր բիլլահ բրիգադը» մասնակցել է նաև Հալեպում Սիրիայի կառավարական ուժերի դեմ մարտերում, իսկ սոցցանցերում տարածված լուսանկարից պարզ է դառնում, որ դրա հրամանատար Ֆիրաս «փաշան» հարում է թուրքական ազգայնամոլական «Գորշ գայլեր» խմբավորմանը:

«Սիրիայի ազգային բանակ» խմբավորման հրամանատարներից Ֆիրաս «փաշան» (ձախից) թուրքական ազգայնամոլական ժեստ անելիս:

«Սիրիայի ազգային բանակ» խմբավորման հրամանատարներից Ֆիրաս «փաշան» (ձախից) թուրքական ազգայնամոլական ժեստ անելիս:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *