Քրդական ուժերը շարունակում են ամրապնդվել Սիրիայի Տաբկայի ջրամբարի հատվածում

Արաբներից, քրիստոնյաներից և գլխավորապես քրդերից կազմված և ԱՄՆ աջակցությամբ գործող «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը շարունակում է Սիրիայի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել Սիրիայի Տաբկա քաղաքը:

Վերջին օրերի մարտական գործողությունների արդյունքում SDF-ին հաջողվել է ԻՊ-ից վերցնել Տաբկայի հիվանդանոցը, ինչպես նաև  ԻՊ բանտ, որտեղ կային նաև կանանց համար նախատեսված խցեր:

Քաղաքի հյուսիսային հատվածում միջազգային կոալիցիան նաև ավիահարվածներ է հասցրել ԻՊ դիրքերի ուղղությամբ: Այդ հատվածում մարտերը ներկայումս շարունակվում են:

Ավելի վաղ SDF-ից հայտնել էին, որ  խմբավորումը «Եփրատի ցասում» գործողության շրջանակում ԻՊ-ից գրավել է Սիրիայի Տաբկա քաղաքի շուրջ 90 տոկոսը: Խմբավորման խոսնակ Թալալ Սիլոն էլ նշել էր, որ Տաբկայում որոշ շրջաններ դեռևս մնում են ԻՊ-ի վերահսկողության տակ, և  այդ շրջանների համար մարտերը շարունակվում են:

Տաբկա քաղաքը մոտ 50 կմ հեռավարության վրա է Ռաքքա քաղաքից, որը ներկայում ԻՊ կենտրոնն է: Նաև այստեղ է գտնվում Սիրիայի ամենամեծ ջրամբարը: Սրանցով էլ պայմանավորված է քաղաքի ռազմավարական նշանակությունը:

Քրդական ուժերը դեռ մարտին վերահսկողություն էին հաստատել Տաբկայի Ջրամբարի մի հատվածի վրա, ինչպես նաև կարողացել էին ԻՊ-ից գրավել Տաբկայի ավիաբազան (այն գրեթե չի օգտագործվում):

Հիշեցնենք, որ 2016-ի նոյեմբերի 5-ին «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը հայտարարել է  ԻՊ «մայրաքաղաք» Ռաքքան և հարակից տարածքները ազատագրելու «Եփրատի ցասում» գործողության մեկնարկի մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *