Հունվարի 12-ին Աֆղանստան են ուղևորվել Վրաստանի ԶՈւ խաղաղապահների հերթական վաշտը: Վաշտի ծառայությունն անցնելու է Մազարի-Շարիֆի «Մարմալ» ռազմաբազայում, «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակում: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Վրաստանի ԶՈւ արևելյան հրամանատարության 1-ին հետևակային բրիգադի վաշտի զինծառայողներին օդանավակայան է ուղեկցել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան:
1-ին բրիգադի զինծառայողները փոխարինելու են Վրաստանի ԶՈւ արևելյան հրամանատարության 2-րդ հետևակային բրիգադի վաշտին: Ծառայությունն անցկացվելու է Գերմանիայի հրամատարության ներքո:
Նշենք, որ Վրաստանը ակտիվ մասնակցություն է ունենում «Վճռական աջակցություն» միջազգային առաքելությանը: Այս պահին Աֆղանստանում ծառայում է շուրջ 900 վրաստանցի զինծառայող:
Նշենք, որ հայաստանցի խաղաղապահները նույնպես մասնակցում են միջազգային առաքելությանը 126-131 հոգանոց կազմով: Աֆղանստանում հայկական զինված ուժերի ստորաբաժանումը Գերմանիայի զինված ուժերի ավելի խոշոր զորախմբի կազմում ծառայություն են իրականացնում երկրի հյուսիսային հատվածում:
Հիշեցնենք, որ «Վճռական աջակցություն» առաքելությունը ոչ մարտական է, հիմնական նպատակն է մարզել և վերապատրաստել Աֆղանստանի ուժային կառույցների ներկայացուցիչներին։