Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի տանկային անձնակազմերը բարձրլեռնային «Ալագյազ» զորավարժարանում սկսել են երկշաբաթյա վարժանքներ «Բանակային միջազգային խաղեր 2017-ի» «Տանկային բիաթլոն» մրցույթի` մարտին կայանալիք ընտրական փուլին նախապատրաստվելու համար։
Այս մասին հունվարի 12-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը։
Վարժանքներին մշակվելու են թիրախավորման, հենակետի ընտրման, կրակի վարման, պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ոչնչացման առաջադրանքներ։ Իսկ մինչ այս տանկիստները շուրջ մեկ ամիս մշակել են դժվարամատչելի տեղանքում տանկեր վարելու նախապատրաստական վարժանքներ։
Վարժանքներին ներգրավված են 100 զինծառայող, 30 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում Տ-72Բ տանկեր։
Հիշեցնենք, որ այս տարի «Բանակային միջազգային խաղերի» մի շարք մրցույթներ անցկացվելու են Չինաստանի, Բելառուսի, Ղազախստանի, ինչպես նաև Ադրբեջանի տարածքներում:
Մինչ այս «Բանակային միջազգային խաղերն» անցկացվել են Ռուսաստանում, խաղերին մասնակցել են 21 երկիր, որպես դիտորդ ներգրավվել է 9 պետություն։
Մրցույթն այս ձևաչափով անցկացվում է 2015 թվականից, սակայն «խաղերի» շրջանակներում անցկացվող մրցույթների մի մասը, ինչպես օրինակ «Տանկային բիաթլոնը», առանձին ձևաչափով անցկացվում էին նաև մինչ այդ:
Հայաստանը մասնակցել է բոլոր տարիներին և մասնավորապես 2014-ին գրավել է «Տանկային բիաթլոնի» երկրորդ տեղը և որպես մրցանակ ստացել Տ-90Ս տանկ, որն էլ Հայաստան է տեղափոխվել 2016թ. ապրիլին: