2016-ին ՀՀ ԶՈւ զորակոչից տարկետման կարգում փոփոխություն չի լինի. ԿԳ նախարար

Այս տարվա ընթացքում զորակոչից տարկետման կարգում փոփոխություն չի լինի, քանի որ նման փոփոխությունները կատարվում են մինչև դեկտեմբեր, երբ ընդունվում է տարկետման իրավունք տվող մասնագիտությունների ցանկը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողներին հայտնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

«Մենք օրենք ունենք, որ շատ լավ ապահովագրում է: Այսինքն մինչև դեկտեմբեր ամիսը մենք մասնագիտությունների ցանկն ենք հրապարակում, որպեսզի երեխաների համար կանխատեսելի լինի»:

Հայկական բանակի զինծառայողներն առաջնագծում

Հայկական բանակի զինծառայողներն առաջնագծում

Ըստ նախարարի՝ զինված ուժերի խնդիրների տեսանկյունից տարկետման իրավունքի հարցը լուծված է, քանի որ չզորակոչվող երիտասարդների քանակը քիչ է: Հարցը միայն կրթական ոլորտում է, որտեղ տարկետման իրավունք տվող սահմանը խնդիրներ է առաջացնում:

«Մեծ մասով այդ հարցն արդեն լուծված է, բազմիցս ասել եմ: Ըստ էության, մենք հիմա մեր ուսանողների մեծ մասին զորակոչում ենք: Խոսքը գնում է 6-7-8 հարյուր հոգու մասին, որոնք չեն զորակոչվում: Պատկերացրեք, նույն կուրսում գալիս են երիտասարդները, ասենք 15 երիտասարդից 10-ը զորակոչվում է, 5-ը չի զորակոչվում: Ինչո՞ւ չի զորակոչվում. որովհետև քննությունների ժամանակ կես միավորի տարբերություն է եղել: Այս հիմնախնդիրը շատ վատ մթնոլորտ է ստեղծում նույն համալսարաններում: Դրա համար հարցը պետք է կոմպլեկս լուծվի»:

Ըստ նախարարի՝ բնագիտական, մասնավորապես ֆիզիկայի և միջուկային ֆիզիկայի ուղղությունների ուսանողների կրթությունը չպիտի ընդհատվի, և այդ պատճառով տարկետումը պետք է հասցեական լինի: Նախարարի կարծիքով՝ այս խնդրին լուծում կտրվի, եթե աշխատի ռազմարդյունաբերական համալիրը. այս մասնագիտությունների ուսանողները կկարողանան օգուտ տալ բանակին՝ չկտրվելով նաև իրենց մասնագիտությունից:

Լևոն Մկրտչյանը նշել է, որ տարկետման խնդիրն ավելի շատ ԿԳ նախարարության խնդիրն է, քանի որ ուսանողների մի մասը զորակոչվում է, մյուս մասը՝ ոչ:

«Բուհական մասով խնդիրն արդեն լուծված է, 70-80 տոկոսը զորակոչվում են այսօր: Խնդիրն ավելի շատ մեր դաշտում է, որովհետև չեմ կարծում, որ 5-6 տոկոս տարկետումը, որ ընդհանուր զորակոչի մեջ այսօր տալիս են, բանակի համար այդպես շատ շոշափելի դեր է խաղում»:

Հիշեցնենք, որ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի խորհրդարան էր ներկայացվել օրենքի նախագիծ, որով առաջարկվում էր հանել ուսման նպատակով պարտադիր զինվորական ծառայությունից տրվող տարկետումը  և 18 տարեկանը լրացած բոլոր տղաներին զորակոչել բանակ:

Ավելի ուշ այդ նախագիծը հանվեց օրակարգից, քանի որ ըստ կառավարության ներկայացուցչի՝ նախատեսվում էր ԱԺ ներկայացնել լրամշակված նախագիծ, որով որոշակի բացառություններ էին արվելու բնագիտական որոշ ուղղությունների ուսանողների համար, քանի որ այդ ուսանողների ներուժը նախատեսվում է կիրառել ռազմարդյունաբերական ոլորտի զարգացման համար:

Նոր նախագիծը, ըստ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարի, նախատեսվում էր Ազգային ժողով ուղարկել դեռևս մայիս-հունիսին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *