Լիբիական իսլամիստական «Ռաֆ-Ալլահ-աս-Սահաթի» խմբավորումը երեկ հայտարարել է, որ Բենգազի քաղաքում իր պահեստներից խորհրդային արտադրության շարժական զենիթահրթիռային համակարգերի (ՇԶՀՀ) մեծ խմբաքանակ է գողացվել: Այդ մասին հայտնում է «Կոմերսանտ» թերթը:
Փորձագետները չեն բացառում, որ ՇԶՀՀ-երը կարող են հայտնվել հարևան պետությունների ահաբեկիչների ձեռքում: Դեպքերի զարգացման հենց այդպիսի ընթացքից էին վախենում ամերիկացիները, որոնց հատուկ ծառայությունների հիմնական խնդիրներից մեկը Լիբիայում Քադաֆիի վարչակարգի տապալումից հետո ՇԶՀՀ-ների վերացումն էր:
Դեռ նախորդ տարվա նոյեմբերին՝ մայրաքաղաք Տրիպոլին վերցնելուց հետո, Միացյալ Նահանգները պատրաստ էին 40 մլն դոլար վճարել լիբիացի ապստամբերի ձեռքում հայտնված ՇԶՀՀ-ների գնման համար: Սակայն նրանց հաջողվեց խնդիրը միայն մասնակիորեն լուծել. ամերիկացիներն իրենք խոստովանում են, որ լիբիացի ապստամբները ՇԶՀՀ-ներն արտահանում էին: Չնայած դրան՝ Լիբիայում ՇԶՀՀ-ների զգալի քանակություն էր մնացել. մասնավորապես ամերիկյան հետախուզական ծառայության տվյալներով Լիբիայում կարող է գտնվել մինչև հազար ՇԶՀՀ:
Նշենք, որ Տրիպոլիի իշխանությունները, իրենց հերթին, խոստովանում են, որ Բենգազիում չկան մարտունակ կառավարական ստորաբաժանումներ, որոնք կարող են հայտնաբերել և ոչնչացնել գողացված ՇԶՀՀ-երը:
Միևնույն ժամանակ ինչպես գրում է «Կոմերսանտը» բացառված չէ, որ ՇԶՀՀ-ներն իրականում գողացված չեն, իսկ «Ռաֆ-Ալ-աս-Սահաթին» օգտվելով իր բազայի վրա կատարված հարձակումից, օրինականացնում է ՇԶՀՀ-ների կորուստը՝ դրանով իսկ խուսափելով համակարգերը հարևան երկրների իսլամիստներին վաճառելու հետագա պատասխանատվությունից:
Ըստ «Կոմերսանտի»՝ չնայած գործադրված ջանքերին, իրավիճակը կարծես թե դուրս է գալիս վերահսկողությունից:
Ռուսական զենքի համաշխարհային առևտրի վերլուծություն կենտրոնի (ЦАМТО) փորձագետները դեռ նախորդ տարվա մարտից զգուշացնում էին ՇԶՀՀ-ների հնարավոր կուրուստների մասին՝ միաժամանակ նշելով, որ Քադաֆիի ռեժիմի դեմ ռազմական գործողությունների հետևանքով Լիբիայի բանակի և ապստամբերի տրամադրության տակ գտնվող ՇԶՀՀ-ները կարող են հայտնվել զենքի սև շուկայում. «Բախումների սկսելուց հետո մինչ օրս Լիբիայի սահմանները չեն վերահսկվում, ինչի հետևանքով ՇԶՀՀ-ների որոշ քանակություն մաքսանենգ ճանապարհով կարող է արտահանվել հարևան երկրներ և վաճառվել Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումներին, այդ թվում «Ալ-Քաիդային»:
Նման վտանգի չեզոքացման պատասխանատվությունը ստանձնել էին ԱՄՆ հատուկ ծառայությունները: Սակայն դեպքերի հետագա ընթացքը ցույց տվեց, որ դա վեր էր նրանց ուժերից»: