«Հակա-ատկատային» խորհրդակցություն ՊՆ-ում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՊՆ-ում հրավիրված խորհրդակցությանը մասնակցել են գլխավոր շտաբի, կենտրոնական աշխատակազմի ներկայացուցիչները, զորամիավորումների հրամանատարությունը:

Քննարկվել է ՊՆ գնումների գործընթացը: Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը զեկուցել է այդ գործընթացի իրականացման վերաբերյալ ծառայության ուսումնասիրության արդյունքների ու եզրակացությունների մասին:

Ըստ Հովսեփյանի՝ առաջին խնդիրը մրցույթների թափանցիկությունն ու մրցակցային միջավայրի ապահովումն է. զննված մրցութային փաթեթներում բազմաթիվ են դեպքերը, երբ մրցույթներին մասնակցում են գրեթե նույն անհատներն ու կազմակերպությունները:

Երկրորդ հարցը ՀՀ ՊՆ կարիքների համար ձեռքբերված ապրանքների և նույնանման ապրանքների շուկայական գների համեմատությունն էր: Նշվեց, որ աշխատանքային խումբն ուսումնասիրել է ՀՀ ՊՆ 2012թ. կարիքների համար որոշ գնումների պայմանագրերը և այլ փաստաթղթեր: Հովսեփյանն ընդգծեց, որ ՊՆ-ի կողմից ապրանքների ձեռքբերման շուկայական գների վերաբերյալ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության 2011թ. ուսումնասիրությունների արդյունքում ներկայումս վիճակն անհամեմատ լավ է, և մատակարարված ապրանքների արժեքը հիմնականում համապատասխանում է նմանատիպ ապրանքների մեծածախ գներին:

Հաջորդ խնդիրը մրցույթներում հաղթած և ՀՀ ՊՆ-ի հետ պայմանագրեր կնքած՝ և որոշակի անձանց հետ կապեր ունեցող ընկերություններն են։ Նախագահը խիստ քննադատել է գնումների գործընթացում պետության և զինվորների հաշվին չարաշահումներ թույլ տվող անձանց: «Վատ է, երբ նախարարության ներսում չեմ տեսնում կատաղի պայքար այդպիսի մարդկանց դեմ: Ե՛վ պաշտպանության նախարարը, և՛ գլխավոր շտաբի պետը պետք է ուշադիր լինեն, որպեսզի այն մարդիկ, ովքեր այդ երևույթների դեմ պայքարում են՝ վաղը, մյուս օրը խնդիրներ չունենան»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և ընդգծել, որ երբ գումարտակի, վաշտի կամ գնդի հրամանատարը տեսնի, որ իրենից վերև ղեկավարները պաշտպանում են այն մարդկանց, ովքեր անկեղծ են, իրավիճակն այլ կլինի և կազդի բարոյահոգեբանական ընդհանուր մթնոլորտի վրա:

Պաշտպանության նախարարը վստահեցրել է նախագահին, որ այսուհետ նախարարության կողմից իրականացվող աշխատանքների նկատմամբ ավելի հետևողական կլինեն և առավել կխստացնեն հսկողությունը ներկայացված գործընթացի բոլոր փուլերի՝ մրցույթների կազմակերպման և գնագոյացման, ձեռքբերված ապրանքների մատակարարման ու ընդունման-հանձնման ուղղությամբ: «Պարո՛ն նախագահ, աշխատելու ենք ամեն մանրուքի վրա ուշադրություն դարձնել և ամեն ինչ կանենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը օրինակելի լինի գնումների գործընթացի իրականացման գործում»,— ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցությունից հետո ՀՀ պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի և նրանց տեղակալների հետ առանձին քննարկել է մարտական պատրաստվածության և սպառազինության հետ կապված հարցեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *