Ռումինիան փորձարկում է իր նոր անօդաչու թռչող սարքը

Ռումինական ARCA ընկերությունը ստեղծել է նոր անօդաչու թռչող սարք, որը դասվում է Air Strato ԱԹՍ-ների ընտանիքին։ Այն իր նախորդներից տարբերվելու է ավելի մեծ չափերով։ Նոր ԱԹՍ-ի առաջին նախատիպն արդեն պատրաստ է և փորձարկումների փուլ է անցնում։

Air Strato ընտանիքի նոր ԱԹՍ

Air Strato ընտանիքի նոր ԱԹՍ

Ինչպես հաղորդում է ռազմական defence-blog.com կայքը, այնուհանդերձ նոր ԱԹՍ-ի ընտանիքի մյուս մոդելները, չնայած իրենց առավել փոքր չափերին, թևի ավելի փոքր բացվածքին ու նվազ բարձրությանը, ունեն ավելի մեծ արագություն և բեռնատարողություն։

Air Strato նոր ԱԹՍ-ն հնարավոր է կիրառել հետախուզական նպատակներով, քանի որ այն ունակ է իր վրա կրել ու բարձրացնել մինչև 30 կգ տարբեր տեսակի սարքավորումներ, այդ թվում՝ մի քանի տիպի տեսախցիկներ, թռիչքի տևողության երկարացման համար նախատեսված մարտկոցներ։

Նախնական տեղեկության համաձայն՝ նոր սարքի թևի բացվածքը 16 մ է, կարող է թռիչքներ կատարել մինչև 18 կմ բարձրության վրա, ունի էլեկտրական շարժիչ։ Առանձնահատկություններից մեկն այն է, որ ուժակուտակիչի շնորհիվ օդում է մնում մինչև 7 ժամ, իսկ արևային մարտկոցների կիրառման ունակության միջոցով՝ մինչև 3 օր։

Նոր անօդաչու թռչող սարքի մասին այլ մանրամասներ չեն հրապարակվում։ Փորձարկումների ընթացքը ցույց կտա վերջինիս առավելություններն ու թերացումները։

Ըստ աղբյուրի՝ ներկա դրությամբ ընթանում են աշխատանքներ երկրորդ նախատիպի ստեղծման ուղղությամբ, որն էլ կունենա արդեն շարժական շասսիներ, ավելի կատարելագործված կապի, նավիգացիոն, տեսանկարահանման համակարգեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *