Ավստրալիան մտադիր է գնել ԱՄՆ-ից MQ-4C Triton անօդաչու թռչող սարքեր՝ սեփական ջրային տարածքների պարեկության նպատակով։ Նախնական տվյալներով՝ Ավստրալիայի պաշտպանական գերատեսչությունն արդեն իսկ հաստատել է ԱՄՆ-ից ԱԹՍ-ների ձեռքբերման մոտ 2.7 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագրի ստորագրումը։
Ինչպես հաղորդում է ավստրալական The Australian առցանց պարբերականը, Ավստրալիայի պաշտպանության նախարար Դևիդ Ջոնսթոնը պատրաստվում է առաջիկայում անօդաչուների գնման պայմանագիրը ներկայացնել կառավարության քննարկմանը։
Համաձայն աղբյուրի՝ Ավստրալիան նախապատվություն է տալիս հենց MQ-4C Triton-ներին, քանի որ դրանք, ի տարբերություն մի շարք այլ ԱԹՍ-ների, կարող են հետախուզական աշխատանքներ իրականացնել նաև ցածր թռչելով՝ շուրջ 300 մ բարձրության վրա, ուստի դա թույլ կտա հսկել երկրի հյուսիսարևմտյան ափամերձ շրջանները։ Ինդոնեզիայի ու Շրի Լանկայի նավերը՝ սահմանն ապօրինի անցնել ցանկացող փախստականներով, հաճախ Ավստրալիա են հասնում հենց այս սահմանամերձ հատվածով։
Նշենք, որ MQ-4C Triton ԱԹՍ-ն ստեղծվել է Northrop Grumman ամերիկյան ընկերության կողմից հատռւկ ԱՄՆ ռազմածովային ուժերի նպատակներին ծառայելու համար։
ԱԹՍ-ն ունի ռեակտիվ շարժիչ, որն էլ թույլ է տալիս օդում մնալ մոտ 30 ժամ՝ թռիչքներ կատարելով մինչև 20 կմ բարձրության վրա։ ԱԹՍ-ի առավելությունների շարքում են տեղեկությունների հավաքագրման արագությունն ու հստակությունը, հետախուզական շրջադիտման համեմատաբար մեծ գոտին, ինչն ապահովվում է կողային ինֆրակարմիր հաղորդիչ համալիրների և ռադիոտեղորոշման հատուկ սարքի միջոցով։