Միջազգային անդրադարձը պատերազմին․ թարմացվող լրահոս

Սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում Ադրբեջանը շփման գծի ամբողջ երկայնքով լայնամասշտաբ հարձակոցւմ է սկսել։ Ստորև կներկայացնենք ծավալված դեպքերի մասին միջազգային հանրության արձագանքը։


Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն Արցախում և գործընթացը տեղափոխել քաղաքական-դիվանագիտական ոլորտ: Դմիտրի Պեսկովը հավելել է, որ շարունակում են շատ ուշադիր հետևել իրավիճակին, և այժմ Արցախում տիրող իրավիճակը լուրջ անհանգստություն է առաջացնում Ռուսաստանի և շատ այլ երկրների համար:


Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ռազմական գործողությունները խնդիրը լուծման ճանապարհով չեն տանում։ ԱԳՆ ներկայացուցիչը երկու երկրներին կրակը դադարեցնելու կոչ է արել։


Չինաստանի ԱԳՆ-ն է մարտական գործողությունները դադարեցնելու կոչ արել և հույս հայտնել, որ կողմերը խնդիրը կլուծեն բանակցությունների միջոցով։


Մոլդովայի նախագահը կոչ է արել հնարավորինս շուտ վերադառնալ բանակցությունների և դադարեցնել ռազմական գործողությունները։ Նախագահը նաև իր երկրում ապրող հայերին և ադրբեջանցիներին է կոչ արել չգնալ ծայրահեղ և ապակայունացնող քայլերի։


Ռուսաստանի ԱԳՆ կոչ է արել ներքին և արտաքին խաղացողներին Արցախի հարցում ցուցաբերել զսպվածություն [խմբ․ ԱԳՆ կոչը ուղղված է երրորդ երկրին]։



Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ։ Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել իր աջակցությունը ցուցաբերել մարտական գործողությունները դադարեցնելու համար։


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ռազմական գործողությունները դադարեցնելու կոչ է արել, և հայտնել, որ հեռախոսազրույց է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի հետ։


Կրակը դադարեցնելու կոչ է արել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը։


Էստոնիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ իրենք կնախաձեռնեն Արցախյան հարցի կարգավորման քննարկումը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում։


Ռուսաստանի Կիրիլ պատրիարքն է խաղաղություն հաստատելու ուղերձով հանդես եկել։ Պատրիարքը կարորել է երկու երկրների կրոնական առաջնորդների դերը խնդրի խաղաղ լուծման համար։


Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել կողմերին անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները ու վերադառնալ բանակցություններին։


Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-յի ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը կոչ է արել դադարեցնել կրակը, որի պատճառով արդեն քաղաքացիական զոհեր կան։ Խնդիրը խաղաղ լուծելու համար պաշտոնյան ՆԱՏՕ-յի աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին։


Հռոմի Ֆրանցիսկոս Պապը անհանգստություն է հայտնել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի համար։ Քահանայապետը կոչ է արել համերաշխության և խնդիրը ուժային եղանակով չլուծելու հասնելու համար հստակ քայլեր անել։


Դեպքերին արձագանքել են ԵԱՀԿ համանախագահները․«Համանախագահները մտահոգությամբ են դիտարկում ղարաբաղյան հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնածավալ ռազմական գործողությունների մասին հաղորդագրությունները։ Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և վերսկսել բանակցությունները ՝ հակամարտության կայուն կարգավորում գտնելու համար: Համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` տեղերում իրավիճակի կայունացման համար և կրկին հայտարարում են, որ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»:


Կրակը դադարեցնելու բանակցություններին վերադառնալու կոչ է արել Եվրոպական խորհրդարանի նախագահ Շարլ Միշելը։ Պաշտոնյան նշել է, որ հետագա էսկալացիայից խուսափելու համար կողմերը պետք է դադարեցնեն կրակը։


Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ է արել վերադառնալ բանակցություններին։ Գերատեսչությունը անհանգստություն է հայտնել ստեղծված իրավիճակի համար և ցավակցական խոսք է հղել զոհվածների հարազատներին։


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խաղաղության կոչ է արել, նշելով, որ տարածաշրջանում կայունությունը մեր ընդհանուր գործն է։


Ռուսաստանի ԱԳն-ն կոչ է արել իրավիճակը կայունացնելու նպատակով դադարեցնել կրակն ու վերադառնալ բանակցությունների։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *