Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Կրիվորուչկոյի խոսքով՝ հակաօդային պաշտպանության նոր Ս–500 զենիթահրթիռային համալիրները հնարավոր է այս տարի՝ 2020–ին, մատակարարվեն Ռուսաստանի բանակին։
Համալիրների համար անձնակազմը պատրաստվում է 2017 թվականից։
Նշենք, որ նույն և նաև այլ պաշտոնյաների կողմից նախկինում այլ ժամկետներ են նշվել համակարգերի փորձարկումների և մատակարարումների վերաբերյալ․ դրանք տատանվել են 2015–2020–ի միջակայքում։ Հետևաբար փոխնախարարի հայտարարությունը չի երաշխավորում, որ այս տարի առաջին Ս-500–ը իրոք կհանձնեն բանակի շահագործմանը։ Այնուամենայնիվ, ավելացնենք, որ ժամանակացույցից որոշակի շեղումը զինտեխնիկայի նախագծման և արտադրման փուլում նորմալ պրակտիկա է։
Բացի այս, ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսեյ Կրիվորուչկոն «ԿՐԵՏ» կոնցեռնի «Ռադիոէլեկտրոնային տեխնոլոգիաներ» ամսաթերթում հոդվածում խոսել է ռուսական բանակի ձեռքբերումների և սպասվելիք մատակարարումների մասին։ Դրանցից մի քանի ուշագրավը ստորև․
- շարունակվում է Տու-95, Տու-160 և Տու-22Մ3 ինքնաթիռների պլանային արդիականացումը,
- շարունակվում է մարտավարական հրթիռակիրի՝ Տու-160Մ2–ի պատրաստումը։ Այն 2021 թվականին կիրականացնի առաջին թռիչքը, մատակարարումները կսկսվեն 2023 թվականին, իսկ մինչև 2027 թվականը բանակը կստանա 10 միավոր Տու-160Մ2։
- Մինչև 2027 թվականը՝ համաձայն սպառազինման պետական ծրագրի, Ռուսաստանը կստանա 423 միավոր ուղղաթիռ, որից 98–ը հարվածային Մի-28ՆՄ։