Ռուս զինծառայողները «Հմեյմիմ» ավիաբազային մոտ անհայտ ԱԹՍ են խոցել

Այսօր՝ փետրվարի 4–ին, Սիրիայում տեղակայված ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայի ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են ավիաբազային մոտեցող փոքր չափերով և անհայտ պատկանելիության ԱԹՍ։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով պաշտպանության նախարարությանը։

Հայտարարության մեջ նշվում է, որ ԱԹՍ–ն ավիաբազային մոտեցել է Միջերկրական ծովի կողմից և խոցվել է «Պանցիր–Ս» համակարգերով։ Դեպքի պատճառով մարդկային ու նյութական կորուստ չկա։

Նախորդ նմանատիպ հայտարարությունը եղել էր փետրվարի 1–ին․Սիրիայում գործող «Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի» ղեկավար Յուրի Բորենկովը հայտնել էր, որ «Հմեյմիմի» ՌԷՊ միջոցները որսացել են ավիաբազայի տարածքին մոտեցող ԱԹՍ–ների խումբ։

Ավելի վաղ՝ հունվարի 19–ին, ՌԴ պաշտպանության նախարարությունը կրկին հայտնել էր իր ավիաբազայի տարածքում անհայտ ԱԹՍ–ների խոցման մասին։ Վերը նշված դեպքերում նույնպես՝ ըստ հայտարարությունների, կորուստներ և վնասներ չկան։

«Հմեյմիմը» ավիաբազան Սիրիայում է 2015 թվականի սեպտեմբերից։ Ռուսաստանն իր ռազմական ներկայությունը Սիրիայում իրավական տեսանկյունից հիմնավորում է Սիրիայի կառավարության կողմից պաշտոնական հրավերով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *