Ռուսական արտադրության «Վիտյազ» (50Р6 Витязь) զենիթահրթիռային կայանները, որոնք նախատեսված են փոխարինելու Ս-300-ներին, աշնանը կսկսեն դաշտային փորձարկումները։
«Իզվեստիա» պարբերականի տեղեկություններով՝ «Վիտյազը» ներկայում անցնում է գործարանային փորձարկումների փուլը, իսկ արդեն աշնանը կսկսվեն դաշտային փորձարկումները։
Հիշեցնենք, որ «Վիտյազի» առաջին ցուցադրությունը եղել էր հունիսի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սանկտ Պետերբուրգում գտնվող գործարան այցի ժամանակ։
«Օբուխովի գործարանում» արտադրվող «Վիտյազն» ինքնագնաց արձակման կայան է, որը զինված է ինչպես միջին, այնպես էլ կարճ հեռավորության հրթիռներով։ Ռուսաստանում նախատեսում են հենց «Վիտյազ» համակարգերով փոխարինել Ս-300 համակարգերը։
Սպասվում է, որ «Վիտյազ» համակարգը կցուցադրվի ՄԱՔՍ-2013 ավիացուցահանդեսի ժամանակ։