Ապրիլի 8-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին Իրաքի հյուսիսային մի քանի շրջաններում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Հարվածները հասցվել են Զափ, Մեթինա, Հաքուրք, Հաֆթանին շրջաններում: Թուրքական կողմը նշում է, որ ոչնչացվել է քրդական կառույցի 12 թիրախ:
Թուրքիայի օդուժը պարբերաբար հարվածքում է Իրաքի հյուսիսում PKK-ի դիրքերին, քանի որ այնտեղ են տեղակայված քրդական կառույցի հիմնական ճամբարներն ու բազաները:
Անկարան պարբերաբար հայտարարում է, որ ռազմական գործողություններ են սկսելու քուրդ զինյալների դեմ նաև Իրաքի հյուսիսում: Ներկայում Թուրքիայի զինուժը շարունակում է ռազմական գործողությունները Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) դեմ Աֆրին շրջանում:
Քուրդ զինյալների դեմ գործողությունները շարունակվում են նաև Թուրքիայի արևելյան և հարավարևելյան նահանգներում: