Հոկտեմբերի 22-ին Թուրքիայի արևելյան Վան նահանգի Բաշքալե գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և ուժայինների բախումներում սպանվել է ժանդարմերիայի 1 զինծառայող, ևս 2-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ քուրդ զինյալների դեմ գործողություններում «շարքից հանվել է» 3 զինյալ:
Ըստ Անադոլուի՝ նույն օրը երկրի հարավարևելյան Քիլիս նահանգում շրջվել է զինծառայողներ տեղափոխող զրահամեքենա, արդյունքում վիրավորվել է 8 զինծառայող: Նշենք, որ պատերազմական և ճգնաժամային իրավիճակներում բանակներում աճում է նաև վթարների, ոչ մարտական կորուստների թվաքանակը:
Միևնույն ժամանակ, Հաքքարի նահագի Շեմդինլի գավառի մի շարք շրջաններում PKK-ի զինյալների դեմ գործողություններ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 22-ից 23-ը հայտարարվել է «փողոց դուրս գալու» արգելք: Հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ուժայինների և քուրդ զինյալների բախումները հարաբերական դադարից հետո վերսկսել են 2015-ի ամռանից և երկուստեք կորուստներով շարունակվում են մինչև այժմ: