Արտոնություն ունեցող զինծառայողը կմասնակցի իր զորամասի մարտական խնդրին. ՊՆ իրավվարչության պետ

ՀՀ որոշ քաղաքացիների՝ մարտական հերթապահությունում չընդգրկվելու արտոնությունը չի ենթադրում, որ զորամասի՝ ռազմական գործողությունների մեջ ներքաշվելու դեպքում զինծառայողը չի ներգրավվելու զորամասի կողմից իրականացվող մարտական խնդրի կատարման մեջ: Այս մասին ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի հետ զրույցում հայտնել է ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը:

Նշենք, որ ՀՀ ՊՆ ներկայացրած օրենքի նախագծերից մեկով վերացվում է հատուկ արտոնություններով քաղաքացիների համար 150 կմ շաղավիղում ծառայություն անցնելու պահանջները: Դրա փոխարեն տվյալ արտոնություններից օգտվող զինծառայողները իրավունք են ստանում մարտական ծառայության ներգրավվել միայն կամավոր հիմունքով: Ավելի մանրամասն՝ այստեղ:

Եթե անգամ վիճակահանությամբ արտոնություն ունեցող քաղաքացին հայտնվի մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, ըստ Վիգեն Սարգյանի, այսուհետ նա մարտական հերթապահության մեջ կներգրավվի միայն կամավոր ցանկության դեպքում:

«Զորակոչիկի կամքին հակառակ նրան մարտական հերթապահությունում ընդգրկելը կորակվի որպես ոչ իրավաչափ գործողություն` համապատասխան հետևանքներով», — նշել է Սասուն Սիմոնյանը:

ՊՆ իրավաբանական վարչության պետի խոսքով՝ զինծառայողը կարող է իր ցանկությամբ մարտական հերթապահություն անցկացնել, օրինակ եթե ցանկանում է օգտվել օրենսդրությամբ մարտական հերթապահությունում ընդգրկողների համար սահմանվող որոշ արտոնություններից: Մասնավորապես` մարտական հերթապահություն անցած զորացրված զինծառայողը բուհ-ի վճարովի համակարգում սովորելիս օգտվում է վարձավճարի 30 տոկոս զեղչի իրավունքից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *