Այսօր՝ օգոստոսի 16-ին, ՀՀ ԱԻՆ-ից հայտնել են, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ընդհանուր 16 կմ պարագծով հրդեհից 13.5 կմ-ը մեկուսացվել և մարվել է: Ներկա պահին աշխատանքներ են տարվում մնացած 2.5 կմ պարագծով հրդեհը մարելու ուղղությամբ: Փոխանցում է ՀՀ ԱԻՆ կայքը:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման ինքնաթիռը, ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումներրը, բնապահպանական ուժերը, Հհ զինված ուժերի զինծառայողներ, ինչպես նաև բնակչությունը:
Հաղորդագրությունում նշվում է, որ, չնայած եղանակային բարդ պայմաններին, ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» հրդեհաշիջող ինքնաթիռը շարունակում է իր թռիչքներն ու մարման աշխատանքները:
Հիշեցնենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում օգոստոսի 12-ին հրդեհ էր բռնկվել: Սկզբնական հատվածում մարման աշխտանանքներին ներգրավված էին ՀՀ ԱԻՆ մարտական հաշվարկներ, փրկարարական ծառայության ստորաբաժանումներ, ՀՀ զինված ուժերի զինծառայողներ, ՊՆ ուղղաթիռ, ոստիկանության ուժեր ևն: Սակայն նշված ուժերով կրակը մարել չէր հաջողվել, ինչի պատճառով հայկական կողմը դիմել էր Ռուսաստանի օգնությանը:
Օգոստոսի 14-ին Հայաստան է ժամանել ՌԴ ԱԻՆ հրդեհաշեջ իննքնաթիռ, որը օգոստոսի 15-ից ներգրավվել է հրդեհաշիջման աշխատանքներին:
Հավելենք, որ ՀՀ ԱԻՆ մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ Արտավանում ավելի վաղ բռնկված հրդեհը հաջողվել է ամբողջությամբ մարել: