Իրանի բանակի ռազմածովային ուժերը մոտ օրերս ռադիոէլեկտրոնային պայքարի թեմատիկայով զորավարժություն կանցկացնեն Մեքրանի ափերին։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Հաբիբոլահ Սայարին։ Փոխանցում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Սայարին հավելել է, որ ՌԾՈւ-ն ընթացիկ տարում (իրանական օրացույցով 2017թ. մարտի 21-ից 2018թ. մարտի 21-ը) ընդհանուր առմամբ անցկացնելու է 25 զորավարժություն։ Ընթացիկ տարում ցուցադրվելու են նաև տեղական արտադրության նոր նավեր, սուզանավեր։
2017-ի փետրվարին Իրանի ռազմածովային ուժերը անցկացրին «Վելայեթ-95» զորավարժությունը։ Զորավարժությունն ընդգրկել է 2 մլն քառակուսի կիլոմետր տարածք՝ Հորմուզի նեղուցից մինչև Օմանի ծոց և Բաբ էլ Մանդեբի նեղուց։ Զորավարժությանը փորձարկվել էին տեղական արտադրության հրթիռներ։
2016-ին Իրանի ՌԾՈւ-ն անցկացրել է նաև զորավարժություններ Իտալիայի, Պակիստանի ռազմածովային ուժերի հետ։
Իրանական ռազմանավերը բարեկամական այցելություններով մեկնել են նաև Ադրբեջանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Պակիստանի, Ղազախստանի նավահանգիստներ: