Հունիսի 21-ին՝ ժամը 08։26, Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ «հունիսի 20-ի երեկոյան կանխել են Հայաստանի ԶՈւ դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձ, հայկական ուժերը նահանջել են, սակայն ադրբեջանական կողմը մեկին գերի է վերցրել»։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրել է, որ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել։
Ժամը 09։48-ին Facebook-ի իր էջում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը մասնավորապես նշել է․
«Ադրբեջանի ՊՆ-ը ապատեղեկատվություն է տարածել: Հայկական ԶՈւ-երը որևէ դիվերսիա չեն իրականացրել, առավել ևս որևէ զինծառայող չեն կորցրել»։
Հունիսի 20-ին՝ երեկոյան ժամը 21։35-ին Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչ, Facebook սոցիալական ցանցում որպես «Ղազախի շտապօգնության կայանի բժիշկ» հանդես եկող Խամիս Մասիմովը հայտնել է․
«2 ժամ առաջ Հայաստանի կողմից 50 տարեկան մի հայ տղամարդ անցել է Քեմեթ*լի գյուղ։ Սահմանը անցած հայ քաղաքացին ձերբակալվել է բնակիչների կողմից։ Որոշակի ժամանակ անց զինվորականները գալով գերուն տարել են։ Մանրամասները ճշտում ենք։ Այսօր 3 զինվորականի գեներալի կոչում է տրվել։ Իրենց հյուրընկալության համար։ Մեր սահմանը մեր հարևանների համար միշտ բաց է։ Մենք տոլեռանտ ժողովուրդ ենք»։
Ամենայն հավանականությամբ խոսքը Ադրբեջանի Ղազախի շրջանի Քեմեր*լի գյուղի մասին է։
Այսպիսով Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է, որ «դիվերսիա են կանխել», իսկ Ղազախի բնակիչը նշում է, որ «բնակիչները ձերբակալել են 50-ամյա քաղաքացու, իսկ զինվորականները եկել ու տարել են»։