Հունիսի 7-ին երկօրյա աշխատանքային այցով Վրաստան է ժամանել Ուկրաինայի պաշտպանության նախարար, բակակի գեներալ Ստեպան Պոլտորակը: Օդանավակայանում Պոլտորակին դիմավորել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, ինչից հետո Ուկրաինայի պաշտպանության նախարարը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ կայքը:
Կողմերը քննարկել են ռազմաքաղաքական համագործակցության խորացման հարցեր: Քննարկվել են նաև համատեղ վարժանքների և դրանց՝ Վրաստանի և Ուկրաինայի տարածքում անցկացման հեռանկարները:
Վրաստանի պաշտպանության նախարարը ուկրաինացի փորձագետներին հրավիրել է ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական կենտրոնի շրջանակներում փորձի փոխանակման:
Ուկրաինայի ԶՈւ զինծառայողները հրավիրվել են մասնակցելու 2019-ին անցկացվելիք ՆԱՏՕ-Վրաստան հրամանատարաշտաբային վարժանքներին:
Նախորդ անգամ ուկրաինացի զինվորականները Վրաստանի տարածքում մասնակցել էին 2016-ի սեպտեմբերին անցկացված Agile Spirit զորավարժությանը:
Նշենք, որ ռազմական ոլորտում վրաց-ուկրաինական հարաբերությունները չեն սահմանափակվում պաշտպանության նախարարների մակարդակով բանակցություններով: Ուկրաինայի տարածքում ընթացող հակամարտությանը ակտիվորեն ներգրավված են նաև Վրաստանի քաղաքացիները՝ ստեղծելով այսպես կոչված «Վրացական լեգիոնը», որը արդեն մտել է Ուկրաինայի ԶՈւ կազմի մեջ:
Մայիսի 11-ին Դոնեցի շրջանի Նոր Լուգանսկ գյուղի մոտ ընթացող մարտերում սպանվել է Վրաստանի ԶՈւ պահեստոզորի սպա: 2014-2017 ժամանակահատվածում հայտնի է Ուկրաինայում զոհված Վրաստանի առնվազն 7 քաղաքացու անուն: