2017 թ. հունիսի 5-ին Ադրբեջանի նախագահի ստորագրած հրամանագրով երկրի պետական սահմանապահ ծառայություան կառուցվածքում զգալի փոփոխություններ են իրականացվել: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի գնահատականի՝ սա կապված է կառույցի խոշորացման հետ: Ընդդիմադիր աղբյուրներից պնդում են, որ Էլչին Գուլիևի իրավասությունները կրճատվում են:
Նոր փոփոխությամբ «Սահմանապահ ծառայության պետ — սահմանապահ զորքերի հրամանատարի» պաշտոնը փոխարինվում է «Սահմանապահ ծառայության պետի» պաշտոնով:
Սահմանապահ ծառայության ենթակայության ներքո գործում են՝
- Սահմանապահ զորքեր,
- Առափնյա պահպանության ուժեր,
- Արագ արձագանքման ուժեր,
- Սահմանապահ վերահսկողության ուժեր,
- Ռազմական ավիացիայի զորամասեր,
- Ռազմածովային ուժերի զորամասեր,
- Այս նշանակության զորամասեր և կառույցներ:
ՊՍԾ պետը նախագահին առաջարկ է ներկայացնում ծառայության բարձրագույն ռազմական կոչումներով պաշտոնյաների նշանակման մասին: Ադրբեջանական Azeri Defense մասնագիտացված լրատվակայքը նշում է, որ փոփոխոթությունները կապված են կառույցի խոշորացման հետ, քանի որ այսուհետ գործելու են «Սահմանապահ զորքերի», «Առափնյա պահպանության», «Արագ արձագանքման», «Սահմանապահ վերահսկողության» առանձին հրամանատարություններ և գլխավոր վարչություններ:
Ի տարբերություն այս իշխանամերձ կայքի՝ ադրբեջանական «Թուրան» ընդդիմադիր գործակալության կայքը պնդում է, որ «ՊՍԾ պետը կորցնում է իրավասությունները»: որպես հիմնական խնդիր նշվում է այն, որ ՊՍԾ պետի և սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոններն առանձնացվում են: Իրականում այստեղ խնդիրը կարող է կապված լինել նրա հետ, որ եթե նախկինում ՊՍԾ ողջ զորամիավորումները ամբողջացվում էին սահմանապահ զորքերի ենթակայության տակ, ապա ներկայում «սահմանապահ զորքերը» ստեղծված 4 առանձին հրամանատարություններից մեկն է:
Հրամանատարությունների ստեղծման մասին խոսում է Ալիևի հրամանագրի 17.8-րդ կետում կատարված փոփոխությունը, որի համաձայն՝ ծառայության պետը այսուհետ նախագահին ոչ թե առաջարկ է ներկայացնում «Սահմանապահ ջոկատների, ռազմածովային և ռազմական ավիացիայի զորամասերի» ստեղծման և լուծարման, այլ՝ «սահմանապահ զորքերի, առափնյա պահպանության, արագ արձագանքման, սահմանային հսկողության» զորամասերի ստեղծման և լուծարման վերաբերյալ:
Հատկանշական է նաև, որ հրամանագրից հանվում է «ՊՍԾ առաջին տեղակալ — սահմանապահ զորքերի շտաբի պետ» արտահայտությունը: Հնարավոր է, որ կառուցվածքային փոփոխությունների հետ կապված այդ պաշտոնը վերացվում է: Սակայն դեռևս հայտնի չէ, թե փոխարները ինչ պաշտոն է ստեղծվում:
Ավելացնենք, որ, դատելով «ջոկատներ» տերմինի վերացումից՝ հնարավոր է ապագայում «սահմանապահ ջոկատների» փոխարեն ստեղծվեն «սահմանապահ զորամասեր»: Սակայն այստեղ հստակ փոփոխոթւոյւն արձանագրել հնարավոր չէ, քանի որ նույն «ջոկատները» կառուցվածքով, համալրվածությամբ համապատասխանում էին համազորային բանակներում առկա գնդերին:
Եթե նախկինում «սահմանապահ զորքեր» տերմինի տակ հասկացվում էին ՊՍԾ բոլոր ստորաբաժանումները միասին, ապա ներկայում այդ զորքերի կազմում ներառված են միայն ցամաքային ստորաբաժանումները:
Հավելենք, որ հունիսի 5-ին ստորագրված մեկ այլ հրամանագրով ՊՍԾ պետի պաշտոնում վերանշանակվում է գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը: