Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների անցած շաբաթվա ընթացքում շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 270 անգամ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1500 կրակոց։ Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հատկապես նոյեմբերի 20-ին, 22-ին և 23-ին, որոնց ընթացքում բացի ավտոմատ զինատեսակներից, հակառակորդը կիրառել է նաև հեռահար դիպուկահարային հրացաններ։ Անցած յոթ օրվա ընթացքում միայն “СВД”, “Սև նետ” և “Իստիգլալ” դիպուկահար հրացաններից, ադրբեջանական կողմն արձակել է մոտ 250 կրակոց։
Հարկ է ընդգծել, որ ի պատասխան նոյեմբերի 19–20-ին առաջին գծում հակառակորդի կողմից երկու հայ զինվորների սպանության, հայկական կողմը՝ ինչպես և նախապես զգուշացրել էր, ստիպված դիմել է պատասխան գործողությունների։ Ըստ ՊԲ հետախուզության տվյալների, նոյեմբերի 20–25-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները հայկական ուժերի ձեռնարկած կանխարգելիչ գործողությունների արդյունքում տվել են մինչև յոթ զոհ և վիրավոր։
Բաքուն խուսափում է հայկական գործողություններից իր կորուստները հրապարակավ ներկայացնելուց։