Սաուդյան Արաբիայի Patriot հրթիռները խոցել են Եմենի հութիների բացթողած «Սկադ» հրթիռը

Ֆրանսիական հեղինակավոր Intelligence online պարբերականը տեղեկացնում է, որ Եմենում դեռևս նախորդ տարի ապստամբություն բարձրացրած հութիները հուլիսի 4-ին «Սկադ» տիպի հրթիռ են բաց թողել իրենց դեմ պայքարող արաբական կոալիցիայի շտաբի ուղղությամբ, որը Սաուդյան Արաբիայի հարավային մասում է՝ Եմենի հետ սահմանից 150 կմ հեռավորության վրա: Փոխանցում է ռուսաստանյան «Ռազմավարության և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» բլոգը:

Եմենի՝ «Սկադ» (Ռ-17 «Էլբրուս») բալիստիկ հրթիռ

Եմենի՝ «Սկադ» (Ռ-17 «Էլբրուս») բալիստիկ հրթիռ

Սաուդյան Արաբիայի ԶՈւ Patriot զենիթահրթիռային համալիրի հրթիռներն այս անգամ կարողացել են խոցել հութիների բացթողած «Սկադը», որի բեկորներն ընկել են 8 կմ շառավղով տարածքում:

Սակայն ֆրանսիական պարբերականի տվյալներով՝ հութիները արաբական կոալիցիայի շտաբի ուղղությամբ «Սկադ» հրթիռներ արձակում են միջինում ամսական մեկ անգամ, և արաբական զինուժի Patriot հրթիռները կարողանում են չեզոքացնել ամեն երկրորդը:

Հութիների արձակած «Սկադ-Բ» հրթիռը խոցվել է Խամիս Մուշաիթ քաղաքի մոտակայքում

Խամիս Մուշաիթ քաղաքը, որտեղ տեղակայված է Սաուդյան Արաբիայի և դաշնակիցների միացյալ շտաբը

Սաուդյան Արաբիան և նրա դաշնակիցները, թեև նախկինում հայտարարել էին, որ ոչնչացրել են հութիների ունեցած հրթիռային սպառազինությունը, սակայն ապստամբները դեռ ունեն զգալի թվով «Սկադ» հրթիռներ:

Եվ արաբական երկրները չեն կարողանում դրանք հայտնաբերել, քանի որ Եմենի հյուսիսային հատվածների կտրտված, լեռնային տեղանքը հութիներին թույլ է տալիս արձակման կայանները աննկատ բացազատել, արձակել հրթիռը և արագ հեռանալ տարածքից:

Եմենի պատերազմում սուննի արաբական երկրներն օժանդակում են Եմենի նախկին սուննի նախագահին, որին շիա հութիները դուրս էին քշել երկրից և որը արաբական նավթային թագավորությունների օգնությամբ փորձում է վերադարձնել իշխանությունը: 2015թ. մարտից սկսած արաբական դաշինքը ավիահարվածներ է հասցնում հութիներին:

Նշենք, որ «Սկադ» տիպի հրթիռներ առկա են նաև Հայաստանի զինված ուժերի սպառազինության մեջ: Դրանք ունակ են խոցել մինչև 300 կմ հեռավորությամբ թիրախներ: Թեև հայկական զինուժի «Սկադները» խորհրդային արտադրության են, սակայն Հայաստանում դրանք արդիականացվել են, մեծացվել է հրթիռների ճշգրտության աստիճանը:

One response to “Սաուդյան Արաբիայի Patriot հրթիռները խոցել են Եմենի հութիների բացթողած «Սկադ» հրթիռը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 24–30 հուլիսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *