ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ ՀՀ ՊՆ-ում քննարկել են ռազմական կրթության հարցեր

Հունիսի 27-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ՆԱՏՕ պաշտպանական համագործակցության շրջանակներում ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է կրթության բնագավառի մասնագետների հերթական ամենամյա համաժողովը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Ռազմական կրթության հարցերի քննարկում ՀՀ ՊՆ-ում

Ռազմական կրթության հարցերի քննարկում ՀՀ ՊՆ-ում

Պաշտպանական ակադեմիաների և անվտանգային հետազոտությունների ինստիտուտների Գործընկերություն հանուն խաղաղության (ԳՀԽ) կոնսորցիումի մասնագետների և պաշտպանության նախարարության համատեղ կազմակերպած միջոցառումը նվիրված էր խառը, ակտիվ և վերափոխումային ուսուցման եղանակներին ու մեթոդներին:

Համաժողովի ընթացքում քննարկվել են պաշտպանական ու ռազմական կրթության և ուսուցման բնագավառում նոր մոտեցումներն ու մեթոդները, խառը ուսուցման ձևերը, ակտիվ և վերափոխումային ուսուցման և դասընթացի նախագծման մեթոդները, անհատական մոտեցման ռազմավարությունը, դասավանդման մեթոդիկան:

Համաժողովի շրջանակներում ԳՀԽ փորձագիտական խմբի անդամ, ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի Տեղեկատվական ռեսուրսների կառավարման քոլեջի կրթական ծրագրերի գծով դեկան Մերի ՄըկՔալլին հյուրընկալվել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում, որտեղ ներկայացվել են ԱՌՀԻ-ի հիմքի վրա համալսարանի ստեղծման գործընթացը, համալսարանի առաքելությունը, նպատակն ու հիմնական խնդիրները:

Համաժողովի արդյունքների ամփոփման նպատակով միջազգային փորձագետներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ընթացքում փորձագետները ներկայացրել են համաժողովի հիմնական արդյունքները, կարծիքներ են փոխանակվել համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ:

Դավիթ Տոնոյանն իր խոսքում նշել է, որ նմանատիպ միջոցառումները հնարավորություն են ընձեռում Հայաստանի ռազմական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին ծանոթանալ ուսուցման գործընթացում կիրառվող արդի մեթոդներին ու մոտեցումներին` միաժամանակ սեփական փորձը կիսելով արտերկրի իրենց պաշտոնակիցների հետ:

Համաժողովի աշխատանքներին մասնակցել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի դասախոսական և ուսումնամեթոդական կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի փորձագետները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *