Ռուսական ռազմաբազայում մարտավարական զորավարժություններ են սկսել

Ավելի քան 600 զինծառայող և շուրջ 100 միավոր ռազմական տեխնիկա է ներգրավված Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտոհրաձգային ստորաբաժանումների՝ երեկ սկսած երկկողմ տակտիկական զորավարժություններին:
Այդ մասին հայտնել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամլո ծառայության պետ՝ գնդապետ Իգոր Գորբուլը:
Վարժանքների ժամանակ մշակվելու են ստորաբաժանումների գործողությունները հակառակորդի ավիացիայի գրոհի, զանգվածային ոչնչացման զենքի կիրառման, դիվերսիոն խմբերի հարձակումների ժամանակ, ստուգվելու են զինծառայողների ունակությունները դիրքավորման, զբաղեցրած դիրքերի ինժեներական սարքավորման և քողարկման, ականադաշտերի ստեղծման և հաղթահարման խնդիրները կատարելիս։ Հատուկ ուշադրություն է դարձվելու անձնակազմի հոգեբանական պատրաստվածությանը։
Ըստ Գոբուլովի` ուսուցման ամառային փուլում 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումների հետ անցկացվել է տարբեր մակարդակի շուրջ 50 տակտիկական պարապմունք, որոնց կեսից ավելին՝ մարտական կրակոցներով, այդ թվում՝ գիշերային:
Նշենք, որ ռուսական 102-րդ ռազմաբազան մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ միասնական համակարգի շրջանակներում: Բազայի ստեղծման վերաբերյալ պայմանագիրը կնքվել է 1995-ին 25 տարի ժամկետով: 2010 թվականի օգոստոսի 20-ին պայմանագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 2044 թվականը:
Ռազմաբազան, որն ունի շուրջ 4,5 հազար ծառայող, զինված է Ս-300Վ զենիթահրթիռային համակարգերով և ՄիԳ-29 կործանիչներով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *