Այսօր՝ հունիսի 22-ին, հայտնի է դարձել, որ իրեն ամրակցված զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Աբասով Վիլայեթ Հիդայեթ օղլուն (Abbasov Vilayət Hidayət oğlu ): Մեկ այլ միջադեպի հետևանքով ՌԾՈւ զինծառայող Ահմադով Մեհեմմեդ Թոֆիգ օղլուին (Əhmədov Məhəmməd Tofiq oğlu) սպանել է նրա համածառայակիցը: Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը:
1997 թ. ծնված Աբասով Վիլայեթը Բաքվի Բինադաքի թաղամասից էր, ծառայում էր Նախիջևանի առանձին համազորային բանակի զորամասերից մեկում: Ըստ Աբդուլլաևի տեղեկության՝ ընտանիքը չի հավատում անզգուշության հետևանքով սպանվելու վարկածին:
1992 թ. ծնված Ահմադով Մեհեմմեդը Աղստաֆայի շրջանի Շիխլի գյուղի բնակիչ էր: Դատելով տարիքից և զինվորական համազգեստից՝ Ահմադովը Ադրբեջանի ռազմածովային ուժերի պայմանագրային զինծառայող էր:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս որևէ տեղեկություն չի հայտնել մահացած զինծառայողների մասին:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին հայտնի էր դարձել Ադրբեջանի ՊՆ թաքցրած ևս 3 մահացած զինծառայողների մասին, որոնք նույնպես, ըստ հաղորդվող տեղեկությունների, ոչ մարտական կորուստներ են: