Ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը Արցախի շփման գծում օպերատիվ իրադրությունը շարունակել է մնալ նույնը: Հակառակորդը առաջնային գծի ողջ երկայնքով տարբեր տրամաչափի հրաձգային, դիպուկահարային ու ականանետային զինատեսակներից կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 60 անգամ: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը։
Ապրիլի 14-ի գիշերը ժամը 23:20-ի սահմաններում Մարտունու ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող Մանվել Արմենի Գևորգյանը:
Իրավիճակն առավել անհանգիստ է եղել շփման գոտու հյուսիսային (Գյուլիստան), հյուսիսարևելյան (Թալիշ-Մարտակերտ), արևելյան (Մարտունի) և հարավային (Հադրութ) ուղղություններով, որտեղ ադրբեջանական կողմը բացի հրաձգային զինատեսակներից կիրառել է նաև 82 մմ (3 արկ), 60 մմ (12 արկ) ականանետներ և ԱԳՍ-17 տիպի նռնականետ (16 արկ):
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հակառակորդի կրակոցներն աստիճանաբար բերում են մարդկային կորուստների՝ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները իրենց մարտական խնդիրները կատարում են իրադրության զարգացման համահունչ և վստահորեն իրականացնում Արցախի սահմանների պաշտպանությունը:
Առաջնային գծում տեղ գտնող միջադեպերից բխող հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:
Լրացում․ ՀՀ ՊՆ կայքը հայտնում է․ Ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 14 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը: