Մարտական գործողությունները շարունակվում են. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հաստատում է ապրիլի 1-ից 2-ի գիշերը հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկած ակտիվ հարձակողական գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Գործողությունների ընթացքում հակառակորդը, կիրառելով տանկեր, հրետանի և օդուժ, փորձել է ներխուժել ՊԲ պաշտպանության խորքը և գրավել մարտավարական դիրքեր:

Այս մասին այսօր` ապրիլի 2-ին, հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը:

«Այս պահի դրությամբ ՊԲ ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով բազմաթիվ զոհեր: Մարտական գործողությունները շարունակվում են», — նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների աննախադեպ ագրեսիվ և անպատասխանատու որոշումը և պաշտոնապես հայտարարում է, որ դրանց շարունակումը կարող է հանգեցնել ադրբեջանական կողմի համար անկանխատեսելի հետևանքների:

Շփման գծում իրադրության աննախադեպ լարման ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները:

ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն է հրավիրում ստեղծված իրավիճակի վրա և ակնկալում է անհապաղ հասցեական միջամտություն՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու և լայնածավալ ռազմական գործողություններից խուսափելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *