Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-րդ տարեդարձի կապակցությամբ զորավարի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով փետրվարի 25-ին Եռաբլուր զինվորական պանթեոն են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան մի շարք զինվորականներ ու պաշտոնյաներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Ներկաները ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել զորավար Անդրանիկ Օզանյանի ու սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին, անհայտ կորածների հիշատակը հավերժացնող և «Բերդապար» հուշակոթողներին:
Հայ առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորները Եռաբլուր պանթեոնում կատարել են հոգեհանգստի կարգ` միասնաբար աղոթելով Զորավար Անդրանիկի և հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նվիրյալ նահատակների հոգիների հանգստության համար: