Թուրքիայի ՌԾՈւ TCG Saldiray սուզանավը 37 տարի անց հանվել է շահագործումից

Թուրքիայի ռազմածովային ուժերի Atılay դասի TCG Saldıray (կողային համարը՝ S-348) սուզանավը 2014-ի նոյեմբերի 14-ից հանվել է շահագործումից՝ թուրքական զինուժի շարքերում շուրջ 37 տարի ծառայությունից հետո։  Այս մասին հայտնում է երկրի ռազմածովային ուժերի պաշտոնական կայքը։

Շահագործումից հանված TCG Saldıray սուզանավը

Շահագործումից հանված TCG Saldıray սուզանավը

Ռազմածովաին ուժերի (ՌԾՈւ) հրամանատարության հրամանով Գյոլջուք և Քոջաելի բնակավայրերի ափամերձ շրջանում կազմակերպվել է սուզանավի շահագործման դադարեցմանը նվիրված արարողություն։ Սուզանավի անձնակազմը, ինչպես նաև նախկինում TCG Saldıray-ի վրա ծառայություն անցած ռազմածովայինները, արարողության ժամանակ վերջին անգամ սուզվել են S-348-ով։

TCG Saldıray սուզանավը սկսել են կառուցել Գերմանիայի Քիել քաղաքում՝ 1974-ին։  Թուրքիայի ՌԾՈւ կազմում այն ծառայության է անցել 1977-ի հունվարից։ Շահագործման 37 տարիների ընթացքում սուզանավը մասնակցել է Թուրքիայի և ՆԱՏՕ-ի կազմակերպած մի շարք զորավարժությունների։ Հայտնի է, որ 2014-ին այն մասնակցել է «Beyaz Fırtına 2014» (Սպիտակ փոթորիկ) ռազմածովային զորավարժությանը, որի ժամանակ ունեցել է առաջադրանք՝ ուսումնական տորպեդներով խոցել պայմանական հակառակորդի նավը։

Նշենք, որ շահագործման դադարեցման ստույգ պատճառը չի նշվում, սակայն հաշվի առնելով սուզանավի տարիքը՝ կարելի է եզրակացնել որ հենց դրանում է նավի խնդիրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *