News.am-ի խնդրանքով՝ ՀՀ ՊՆ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ ուղղված ՀՀ անկախության 20-ամյա զորահանդեսին։
ՀՀ ՊՆ-ի պատասխանում մասնավորապես նշված է.
«Հարգելի´ խմբագրություն,
Ձեր ներողամտությունն ենք հայցում ՀՀ զինված ուժերի զորահանդեսի վերաբերյալ Իլհամ Ալիևի կողմից հրապարակավ հնչեցված մտքերը մեկնաբանելու` հոկտեմբերի 26-ի ձեր խնդրանքին ուշ արձագանքելու համար: Հիշեցնենք, որ ընդամենը զավեշտ հիշեցնող ու միջազգային հանրության շրջանակներում իսպառ անտեսված այդ մտքերը արտահայտվել էին զորահանդեսից ավելի քան մեկ ամիս անց, և, որպես մեկամսյա մտավոր աշխատանքի արգասիք, ուղղակի անհեթեթ էին ու արժանի` միայն օրեր անց մեկնաբանման:
Իսկ մեր մեկնաբանությունը ընդամենը հարց է, հարց այն մասին, թե ինչու է Իլհամ Ալիևն այդքան ցածր կարծիքի իր ժողովրդի մասին: Միթե՞ Ռուստամ Իբրահիմբեկով կամ Հեյդար Ալիև ծնած մի ողջ ժողովրդի կարելի է կուրացնել հակառակորդի մոտ վառելիքի բացակայության կամ ժողովրդագրական խնդիրներով պայմանավորված հոգևարականների ստիպողական ծառայության մասին պրիմիտիվիզմներով ու փորձել դրանով ինչ-որ միավորներ հավաքել:
Պետք է հիասթափեցնենք. չհասկացվածությունը զուտ աշխարհընկալման հարց է:
Այո´, տեխնիկան դրա մոբիլությունը բազմապատիկ անգամ մեծացնող քարշակներով է անցել (միգուցե նաև որպես վառելիք օդ օգտագործող), բայց ոչ թե այն պատճառիկներով, որոնք փորձ է արվում հրամցնել սեփական ժողովրդին, այլ պարզապես որովհետև բանակը կոչված է ծառայելու ժողովրդին, իսկ ժողովուրդը նույն ակնածանքով վերաբերվում է նաև սեփական մայրաքաղաքին, նրա վերգետնյա ու ստորգետնյա դարավոր գանձերին:
Այո´, զորահանդեսում կարևոր տեղ ունեին նաև հոգևորականները, բայց ոչ թե այն պատճառիկներով, որոնք փորձ է արվում հրամցնել սեփական ժողովրդին, այլ բոլորովին ուրիշ, էլի արժեքային հարթությունում գտնվող պատճառներով. իմիջիայլոց հենց որոնցով էլ մեր բանակը հաղթել ու հարկ եղած դեպքում էլի կհաղթի ցանկացած ոտնձգության դեպքում:
Իսկ տեխնիկան, վստահ եղեք, պատրաստ է ցանկացած մարտական առաջադրանքի կատարմանը»:
Լուրը հրապարակել են՝ news.am-ը, slaq.am-ը, panorama.am-ը։