ՌԴ զինուժի Տու-95 ռմբակոծիչներն ԱՄՆ-ի ուղղությամբ հրթիռային հարվածի իմիտացիա են ստեղծել

Սեպտեմբերի սկզբներին ՌԴ զինուժին պատկանող Տու-95 ռազմավարական ռմբակոծիչներն ԱՄՆ-ի ուղղությամբ թևավոր հրթիռների արձակման իմիտացիա էին ստեղծել։ Ամերիկյան կողմի հավաստիացմամբ՝  ՌԴ զինուժի ակտիվությունը կապված էր Ուելսում սեպտեմբերի 4-5-ը կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հետ։

Տու-95ՄՍ ռմբակոծիչ. ՌԴ ՌՕՈւ

Տու-95ՄՍ ռմբակոծիչ. ՌԴ ՌՕՈւ

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, ռմբակոծիչները թռիչքներ են կատարել Իսլանդիայի, Գրենլանդիայի ու Կանադայի հյուսիսարևելյան շրջանների օդային տարածքին կից։ ԱՄՆ-ի կատարած վերլուծությունը ցույց է տվել, որ ինքնաթիռները մտածված կերպով օդում գրավել են հրթիռների արձակմանը հարմար դիրքեր, որոնք արձակման դեպքում խոցելու էին ԱՄՆ-ում կարևոր օբյեկտներ։

Նկատենք նաև, որ օրերս ՌԴ զինուժի բարձրաստիճան զինվորականներից մեկը՝ բանակի գեներալ Յուրի Յակուբովը, կոչ էր արել փոփոխության ենթարկել ՌԴ ռազմական դոկտրինը՝ նրանում ներառելով ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի կողմից ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ երկրների տարածքին միջուկային նախազգուշական հարվածներ հասցնելու հնարավորությունը։

Հավելենք, որ Տու-95 ռազմավարական ռմբակոծիչը շահագործման է հանձնվել 1956 թվականին։ Չնայած իր պատկառելի տարիքին, ռմբակոծիչը շարունակում է համալրել ՌԴ ռազմաօդային ուժերի ավիապարկը։ Մինչ օրս արտադրվել է ինքնաթիռի բազմաթիվ մոդիֆիկացիաների ավելի քան 500 օրինակ։ 9 հոգանոց անձնակազմ ունեցող ռմբակոծիչը կարող է զարգացնել 900 կմ/ժ առավելագույն արագություն։ Թռիչքի առաստաղը՝ կախված մոդիֆիկացիայից, 10 500-ից 13 500 մետր է։ Սպառազինությունում Տու-95-ն ունի 3 երկփողանի հրանոթ, իսկ ռումբերի առավելագույն զանգվածը, որն ինքնաթիռը կարող է բարձրացնել, 12 000 կգ է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *