Կանադայի ու ԱՄԷ-ի համատեղ Streit Group ու ուկրաինական АвтоКрАЗ («ԱվտոԿռԱԶ») ընկերությունները ներկայացրել են StreitGroup-ի Spartan (Սպարտան) ու Cougar (Կուգար) զրահամեքենաները, որոնք հավաքվել են ուկրաինական ընկերության գործարաններում, հայտնում է ռուսաստանյան «Ռազմավարության ու տեխնոլոգիաների ուսումնասիրության կենտրոնի» բլոգը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ ազգային գվարդիայի զորավարժարան այցելության ժամանակ երկու նոր զրահամեքենաները հանձնել են ազգային գվարդիայի ստորաբաժանումներին, որոնք մեքենաները կօգտագործեն երկրի հարավ-արևելքում ընթացքող մարտերում:
Նշենք, որ նախագահի այցի ժամանակ գվարդիականներին են հանձնվել նաև ԲՏՌ-3 զրահափոխադրիչների տարբեր արդիականացումներ, ինչպես նաև Տ-64Բ1Մ տանկ, որը նոր է արդիականացվել:
Ավելացնենք, որ նշված համալրումների արդյունքում Ուկրաինայի ազգային գվարդիան ստացավ ևս մեկ տեսակի զրահապատ մեքենաներ, որոնք պիտի օգտագործվեն ԲՏՌ-3, ԲՏՌ-4, Դոզոր-Բ ու այլ զրահապատ մեքենաների հետ, ինչը, իհարկե, կդժվարացնի դրանց բոլորի շահագործումը, քանի որ ամեն նոր մեքենայի հետ անհրաժեշտ է լինելու նոր ենթակառուցվածք, մասնագետներ և այլն:
Նշենք, որ StreitGroup-ի Սպարտան ու Կուգար մեքենաները MRAP դասի են, ինչը նշանակում է, որ ավելի պաշտպանված են ականներից ու այլ պայթուցիկ սարքերից: Մեքենաների վրա տեղադրված է նաև սպառազինություն, մասնավորապես գնդացիրներ, ինչպես նաև ավտոմատ նռնականետներ: