Սպիտակ Արջը 52 տարեկան կլիներ. զինծառայողները նշեցին ազատամարտիկի ծննդյան օրը (ֆոտո, վիդեո)

52 տարի առաջ Հայաստանից հեռու ծնվեց մի տղա` արմատներով մշեցի: Ծնվեց, որ Հայաստանի համար ամենադժվար պահին գա ու պահպանի այն տարածքը, որին հետո պիտի հայկական հողի կղզյակ անվաներ:

Կարո Քահքեջյան

Կարո Քահքեջյան

Մարտի 24-ին լրանում է «Խաչակիներ» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Կարո Քահքեջյանի (Սպիտակ Արջի) ծննդյան 52-ամյակը:

Ազատամարտիկին երեկ` մարտի 23-ին, հիշել էին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի զինծառայողներն ու որոշել կիրակին նվիրել Կարոյին:

Միջոցառման հյուրն էր «Խաչակիրներ» ջոկատի շտաբի պետ, Կարոյի մանկության ընկեր և զինակից, ազատամարտիկ Շահե Աճեմյանը:

«Կարոն մի անգամ իր սիրած աղջկա հետ եկել էր Հայաստան, որ կամավոր գնային Գյումրիում աշխատելու աղետի գոտու վերականգնման համար: Առավոտյան լսում են, որ կրակոցներ կան: Հանկարծ տեսնում է, որ թալինցի Աֆոյի ջոկատն է անցնում, միանում է նրանց: Հանում է ձեռքի մատանին, տալիս սիրած աղջկան ու ասում` ես հետայսու ամուսնանում եմ իմ հայրենիքի հետ: Ու այդպես որոշ ժամանակ տղերքի հետ սահման է գնում», — սկսում է զինծառայողների համար պատմել Շահե Աճեմյանը:

«Խաչակիրներ» ջոկատի փոխհրամանատար Շահե Աճեմյան

«Խաչակիրներ» ջոկատի փոխհրամանատար Շահե Աճեմյան

Ըստ Աճեմյանի` երբ նրանք Հայաստան են եկել, Պարգև Սրբազանի համար մի թուղթ են բերել, իբր իրենք հոգևորական են ու օգնելու համար են եկել: Այնինչ Սրբազանը ժպտացել է ու չի հավատացել:

«Ասաց, որ մի քիչ գործ ունի, վերջացնի, միասին կգնանք Արցախ: Դե մենք էլ գնացինք հյուրանոց: Այն ժամանակվա համար մենք շատ գումարով էինք եկել Հայաստան: Հետո որոշեցինք հյուրանոցից դուրս գալ, քանի որ ուզում էինք խնայել մեր ունեցածը ևս մեկ փամփուշտի ու զենքի համար», — շարունակում է Շահե Աճեմյանը:

Պարգև Սրբազանը տղաներին մի թուղթ է տվել, որի վրա ինչ-որ բան է ռուսերենով գրված եղել: Թեև տղաները մի քանի լեզու են իմացել, բայց ռուսերենին չեն տիրապետել: Արցախ հասնելուն պես նրանք պետք է ներկայանային Արկադի Տեր-Թադևոսյանին, ինչից հետո նրանք հայտնվել են Աշոտ Բեկորի մոտ:

<iframe width=”460″ height=”259″ src=”//www.youtube.com/embed/QyCNHbMnV2k?list=UU4lSkT4s1RJ8EK4nZ7pPgqA” frameborder=”0″ allowfullscreen></iframe>

«Երբ արդեն Արցախում էինք, մի քանի օր շարունակ նկարահանել ենք ամեն ինչ: Հաց չկար, հիվանդանոցներում մեկ ժամ էր լույսը: Դժվարին օրեր էին: Ստեփանակերտում 3 աղբյուր կար, որոնցից ամեն մեկի վրա թշնամին հսկողություն ուներ: Անցան ամիսներ, հիմնեցինք մեր ջոկատը: Արդեն Շուշին ազատագրվել էր: ԱՄՆ-ից մինչև 1994 թվականը շուրջ 750 հազար ԱՄՆ դոլարի օգնություն ենք բերել, մեծամասնությունը շորեր, ջրամաններ, գլխարկներ, ձեռնոցներ, հիվանդանոցներին՝ մորֆին, ցավազրկող, այրվածքների համար դեղորայք և այլն», — ներկայացնում է ազատամարտիկը:

Կարոն ջոկատի անունը «Խաչակիրներ» էր դրել ոչ թե նրա համար, որ տղաները բոլորը հավատացյալ էին, այլ որ ոչ մի կուսակցության չէին պատկանում: Քրիստոնյա էին և առաքելական եկեղեցու խաչի ներքո են ծառայում: Նա ԱՄՆ-ից Հայաստան եկավ որպես դաշնակցական, հետո թողեց և ասաց` իմ կուսակցությունն իմ հայրենիքն է:

Միջոցառման մասնակից զինծառայողը

Միջոցառման մասնակից զինծառայողը

«Մարտակերտի Մաղավուզ գյուղի ազատագրման ժամանակ է զոհվել Կարոն։ Մեզնից առաջ 3 անգամ տարբեր ջոկատներ փորձել են ազատագրել Պուշկին Յալ բարձունքը, բայց չեն կարողացել: Մենք քիչ ենք կռվել, հիմնականում հետախուզություն ենք արել: Թվով 9 հոգի էինք: Թուրքերը մտածում էին, թե շատ ենք: Խուճապի մեջ իրար վրա էին արդեն կրակում: Կրակահերթը մեկ ժամ տևեց, որից հետո թուրքերն իրենց երկրորդ գիծ տեղափոխվեցին: Մեզ էլ օգնություն պետք է գար, ուշացավ: Արդեն զինամթերք էլ չունեինք: Կարոն բարձրացավ, որ կրակի, դիպուկահարը խփեց: Փառք ընկածներին, այդ օրը միայն Կարոն չընկավ»,- եզրափակեց ազատամարտիկն ու հերթը տվեց իրենց ելույթներին անհամբեր սպասող զինծառայողներին:

Միջոցառման մասնակից զինծառայողները

Միջոցառման մասնակից զինծառայողները

Միջոցառմանը հյուրընկալվել էին նաև «Պարենք Հայերեն» նախաձեռնության մասնակիցները: Հենց զինծառայողների երգերի ժամանակ դահլիճում ծայր էր առնում «Մշո խըռն» ու ոգևորում բոլորին:

<iframe width=”460″ height=”259″ src=”//www.youtube.com/embed/wZUIwWO1wW4?list=UU4lSkT4s1RJ8EK4nZ7pPgqA” frameborder=”0″ allowfullscreen></iframe>

«Զինվորների մեծ մասը մեծ ոգևորությամբ միանում էր պարաշրջանին: Հիմնականում ռազմապարեր ենք պարել, որոնք ավելի են բարձրացնում մարտական ոգին ու ուժ ու եռանդ հաղորդում: Նույնիսկ զինվորները մոտենում էին և խնդրում, որ որոշ պարեր նորից պարեինք», — Ռազմինֆոյի հետ զրույցում պատմում է նախաձեռնության անդամ Տաթև Տոնոյանը:

Միջոցառման կազմակերպիչներից կրտսեր սերժանտ Միքայել Միքայելյանի հավաստմամբ  իրենք աշխատում են հաճախակի նման միջոցառումներ կազմակերպել:

«Մարտի 5-ին էլ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն ենք նշել: Իսկ այս միջոցառումը, հավատացեք, շատ բան է տալիս մեզ` զինծառայողներիս: Այսօր ընկեր Շահեն էր մեզ հետ, իսկ դա արդեն պարտավորեցնող է: Զենքից, մարտավարությունից ոչ պակաս կարևոր է նաև զինվորի հոգեբանությունն ու ռազմահայրենասիրությունը», — նշում է կրտսեր սերժանտը:

 

Զինծառայողները պարում են «Պարենք Հայերեն» նախաձեռնության անդամների հետ

Զինծառայողները պարում են «Պարենք Հայերեն» նախաձեռնության անդամների հետ

«Բարեբախտաբար, շատ տեսանյութեր կան «Խաչակիրներ» ջոկատի օրագրերից, որոնցից մեկում էլ Կարոն տղաների հետ պարում է: Երգն ու պարը պատերազմի տարիներին հաց ու ջրի պես, զենքի պես անհրաժեշտ բան էին, քանի որ և´ դրական էներգիա, ուժ էր փոխանցում, և´ օգնում էր լիցքաթափվել», — շարունակում է Տաթևը:

<iframe width=”460″ height=”259″ src=”//www.youtube.com/embed/N2EOhEajBgI?list=UU4lSkT4s1RJ8EK4nZ7pPgqA” frameborder=”0″ allowfullscreen></iframe>

Իսկ շարահրապարակում զինծառայողներն են: Պարում են հայկական ռազմապարեր, պարում են ու խնդրում կրկնել, որ հետո էլ չմոռանան:

Պարում են զինծառայողները

Պարում են զինծառայողները

Միջոցառման ավարտին մոտենում ենք հրամանատարական կազմին ու փորձում հասկանալ, գոհ են արդյունքից, թե` ոչ:

«Զինվորներն իրենք են նախաձեռնել այս ամբողջ միջոցառումը: Սա նրանց համար ռազմահայրենասիրական դաստիարակության մեծ գործոն է: Մեր տղաները պետք է հասկանան, որ մենք չավարտված պատերազմ ունենք և միշտ պետք է համախմբված լինենք: Շահե Աճեմյանի օրինակը ցույց տալով` մենք ապացուցեցինք, որ այդ մարդիկ կռվել են, կան ու այսօր էլ զինվորի կողքին են», — նշում է ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Համբարձումյանը:

ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Համբարձումյանը:

ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Համբարձումյան:

Ըստ մայոր Համբարձումյանի`զինվորների մոտ ռազմահայրենասիրության պակաս կա:

«Նրանք քաղաքացիական կյանքից ռազմահայրենասիրության առումով շատ ցածր մակարդակով են գալիս: Երբ հարցնում ենք, թե ովքեր են մեր ազգային հերոսները, չգիտեն: Դրա համար այսպիսի միջոցառումները շատ տեղին են: Չնայած պիտի ծնողներն էլ դրան ուշադրություն դարձնեն, որ տղաներն այստեղ չամաչեն: Այս երիտասարդները վարձկաններ չեն, իրենք փողի համար չեն կռվելու, այլ հայրենիքի համար: Դրա համար նրանք պարտավոր ենք իրենց պատմությունն իմանալ», — եզրափակում է զորամասերից մեկի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը:

Կարոն Արցախի մասին ասում էր. «Ինչ էլ լինի, պահել ու պահպանել հայկական հողի այս կղզյակը: Թերևս մեր հայրենիքի միակ վայրը, որտեղ մնացել են, բառիս լավ իմաստով մնացել են նահապետական ավանդույթները, որտեղ ամեն ինչից բարձր են գնահատում ընտանիքի սրբությունը, որտեղ ամեն ինչից բարձր են գնահատում մարդկային անշահախնդրությունը»:

Մեր զինծառայողներն ապացուցեցին, որ իրենք Սպիտակ Արջի ու մեր մյուս բոլոր տղաների պատգամը լավ են յուրացրել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *