Իրանի ռազմանավերը Կարմիր ծովում հակահարված են տվել ծովահեններին

Փետրվարի 22-ի առավոտյան ծովահենների թվով 7 նավեր հարձակում են իրականացրել Կարմիր ծովում Իրանին պատկանող առևտրային նավի վրա, սակայն Իրանի ռազմածովային ուժերի 29-րդ նավատորմիղին հաջողվել է հակահարված տալ նրանց։

Իրանի ՌԾՈւ սուզանավը Կարմիր ծովում

Իրանի ՌԾՈւ սուզանավը Կարմիր ծովում

Ինչպես հաղորդում է Iran.ru լրատվակայքը, Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ, ծովակալ Սիյավուշ Ջարեհը հայտարարել է՝ չնայած իրենց գրանցած հաջողությունների՝ իրանական առևտրային նավը վնասվել է։
Նկատենք, որ 29-րդ նավատորմիղը հարձակման ժամանակ իր պատմության ընթացքում առաջին անգամ ծովային արշավ էր կատարում դեպի Ատլանտյան օվկիանոս՝ ԱՄՆ-ի ջրային տարածքների սահմաններ։ Արշավի շրջանակներում են նաև Իրանին պատկանող նավերի անվտանգության ապահովումը և ծովահենների նավերի վնասազերծումը։
Հիշեցնենք, որ Կարմիր ծովում պարեկության և ծովահենների դեմ պայքարի պատրվակով 2011-ի ապրիլի վերջին Իրանն իր ռազմանավերն ու սուզանավ էր ուղարկել Կարմիր ծով, ինչն էլ հանգեցրել էր ԱՄՆ-ի և Իսրայելի անհանգստությանը։ Արդյունքում սուզանավն ուղարկվել էր միայն 2011-ի հունիսի կեսին։
Հավելենք նաև, որ Իրանը Կարմիր ծովում ուժեղացրել է պարեկությունը դեռևս 2008-ին, երբ Եմենի ծովահեններն առգրավել էին իրանական Delight բեռնատար նավը։
Հարկ է նշել՝ չնայած մի շարք պետություններ ԱՄՆ ծովային ուժերի գլխավորությամբ համատեղ պարեկություն են իրականացնում Կարմիր ծովում, Իրանը մինչ օրս չի միացել այդ կոալիցիային և սեփական ուժերով է ապահովում անվտանգությունն այս ջրային տարածքներում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *