Բացվեց Գուրգեն Մարգարյանի հուշակոթողը (ֆոտո)

-Երեխաներ, այսօր ինչո՞ւ եք այստեղ հավաքվել:
-Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրն է:
-Իսկ Գուրգենն ո՞վ է:

Հուշակոթողի բացմանը հավաքված մարդիկ

Հուշակոթողի բացմանը հավաքված մարդիկ

-Հայ հերոս:
-Իսկ այդ հերոսի մասին ի՞նչ գիտեք:
-Ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը նրան գիշերը քնած տեղը սպանել է: Մեր սպային սպանել է:
-Որ մեծանաք ի՞նչ եք ուզում դառնալ:
-Զինվոր, Գուրգենի նման, որ իր գործը շարունակենք:
Ռազմինֆոյի հետ զրուցում էին Գուրգեն Մարգարյանի անունը կրող 94-րդ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները:
Ամբողջ դպրոցը եկել էր Գուրգեն Մարգարյանի հուշակոթողի բացմանը:
Ռազմինֆոյի հետ զրույցում նույն դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Վարդուհի Մարգարյանը նշեց, որ իրենք վառ են պահում Գուրգեն Մարգարյանի հիշատակը լավ սովորելով, պահվածքով, ազնվությամբ:
«Խորհուրդ ենք տալիս բարձր պահել մեր ժողովրդի անունը ու երբեք թուրքին չնմանվել: Թուրքը ծնված օրվանից մտածում է սպանել-ջնջելու մասին, իսկ մենք` մեր հայրենիքը զորացնելու մասին»,-երեխաներին հավելեց ուսուցչուհին:
Հուշակոթողի բացմանը հավաքված մարդիկ
Այսօր` սեպտեմբերի 28-ին, ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանի հուշակոթողի բացումն էր: Սպայի հիշատակը հարգելու և հուշակոթողի բացման արարողությանը մասնակցելու համար հավաքվել էին նրա ընտանիքի անդամները, հարազատները, մի շարք հասարակական գործիչներ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Գուրգեն Մարգարյանի հուշակոթողը

Գուրգեն Մարգարյանի հուշակոթողը

Հուշակոթողը բացեցին Գուրգենի մայրն ու Քերոլայն Քոքսը, որից հետո հայ առաքելական եկեղեցու սպասավորներն այն օծեցին:
Ռազմինֆոյի հետ զրույցում գրող, հրապարակախոս Զորի Բալայանը հավաստիացրեց, որ Գուրգեը մի կողմից քայլեց դեպի անմահություն, մյուս կողմից` էլ սրբերի շարքը մտավ:
«Ազգը պետք է ընդունի նրան որպես երևույթ, որը կոչ է անում պայքարել հանցագործության դեմ: Մեր զինված ուժերի համար Գուրգենի օրինակը դաս էր: Հիմա մենք պետք է մտածենք, որ եթե թշնամին այսպիսին է, ապա մենք պետք է լինենք և՛ զգոն, և՛ պատրաստ, և՛ հայրենասեր»-նշեց Զորի Բալայանը:

Գրող, հրապարակախոս Զորի Բալայան

Գրող, հրապարակախոս Զորի Բալայան

Բացմանը ելույթ ունեցավ նաև Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, ով ամբողջ ժամանակ ամուր բռնել էր Գուրգենի մոր ձեռքը:
«Ես նույնպես մայր եմ և արտասվել եմ, երբ իմացել եմ ձեր որդու մասին, թե ինչպես է նա սպանվել: Ես խորապես զարմացած եմ, որ նա Ադրբեջանում հերոսին արժանի դիմավորում է ստացել: Դա ինձ շատ է անհանգստացնում հենց Ադրբեջանի ապագայի համար, նրանց երեխաների դաստիարակման համար, երբ իրենց մոտ մարդասպանին վերաբերվում են որպես հերոսի: Փառք ու պատիվ Հայաստանի ժողովրդին: Ես պատիվ եմ ունեցել կանգնել ձեր քաջարի մարտիկների կողքին Արցախում, ովքեր պաշտպանում էին իրենց հայրենիքը, իրենց հողը: Ես շնորհակալություն եմ ասում ձեզ աշխարհի մյուս հատվածի անունից ժողովրդավարության սահմանը ապահով պահելու համար: Դուք ոչ միայն շարունակում եք ապրել, այլ փլատակներից գեղեցկություն եք ստեղծում: Ոչինչ չի կարող հետ բերել Գուրգեն Մարգարյանին, բայց նրա հոգին հավերժ կապրի: Այս հուշարձանը միշտ հիշեցնելու է հայ սպայի մասին: Ձեր հերոսները իրական հերոսներ են: Ես աղոթելու եմ, որ ձեր երեխաները մեծանան խաղաղության համար, այն խաղաղության ու արդարության համար, որի համար ձեր ժողովորդը շատ բարձր գին է վճարել»-նշեց Քոքսը:

Քերոլայն Քոքսը, Գուրգենի մայրը

Քերոլայն Քոքսը, Գուրգենի մայրը

Իսկ գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը նշեց.«Այսօր մեր թաղի տղան, մեր Գուրգենը տուն վերադարձավ: Այդ ոճրագործը, այդ ստորը ի տարբերություն Գուրգենի` երբեք գերեզման չի ունենալու»:
Ընդամենը 4 ամսից լրանում է Գուրգենի սպանության 10 տարին:
2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց հայ սպային: Նրանք մասնակցում էին ՆԱՏՕ-ի «գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին:
2006թ. Բուդապեշտի քաղաքային դատարանը Սաֆարովին դատապարտել է ցմահ ազատազրկման 30 տարով, առանց ներման թույլտվության։ 2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիան Սաֆարովին արտահանձնել է, որտեղ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան նույն օրը ներում է շնորհվել, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից կոչումը բարձրացվել լեյտենանտից մայորի:

Ռազմինֆոն զրուցեց նաև Քոքսի պատվիրակության հետ Հայաստան ժամանած բրիտանական ռազմական նավատորմի նախկին կապելլան (կաթոլիկ հոգևորական) Դեյվիդ Թոմասի հետ: Նա Գուրգեն Մարգարյանի հետ կատարվածը որակեց որպես բարբարոսություն:
«Դա բարբարոսություն էր, որին միայն գերազանցում է Ադրբեջանի պետության բարբարոսությունը, որ հերոսացրեց մարդասպանին»:
Սա Դեյվիդ Թոմասի ութերորդ այցն էր Հայաստան:
«Ես միշտ ինձ հետ բերում եմ իմ բերետը, որպեսզի կարողանամ պատշաճ ռազմական պատիվ տամ այսպիսի միջոցառումներին: Մենք ցանկանում և աշխատում ենք, որ Մեծ Բրիտանիան և Հայաստանը մտերիմ հարաբերություններ ունենան: Հայաստանն ունի քաղաքակիրթ արժեքներ, ազատություն, արդարություն, ձգտում է խաղաղություն հաստատել և պաշտպանում է անձերի արժանապատվության իրավունքները: Ինձ չի թվում, որ նույնը կարելի ասել Ադրբեջանի մասին: Մեր հարգանքի տուրքն ենք մատուցում Հայկական բանակին»,- հավելեց բրիտանացի ռազմական գործիչը:
Տեղեկացնենք, որ Գուրգեն Մարգարյանի արձանի հեղինակներն են ճարտարապետ Արտակ Վարդանյանը, կիսանդրու հեղինակը Սերժ Մեհրաբյանն է, իսկ քանդակագործները Լյուդվիգ Ղազարյան, Անդրանիկը, Աշոտ Գևորգյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *