Կերակրիր Մեծ Եղբորը

* Սույն հոդվածը թարգմանություն է

Ինչու են ԱՄՆ պետական մարմինները պաշտպանում քաղաքացիներին հետևելու համակարգերը

Էդվարդ Սնոուդեն

Էդվարդ Սնոուդենը

Վերջին շաբաթներին ԱՄՆ կառավարության՝ իր քաղաքացիների և օտարերկրացիների զանգվածային գաղտնալսման մասին տվյալներիհրապարակման պատճառով առաջացած սկանդալը ցնցում է Վաշինգթոնը։
Ընդ որում նման բանավեճերին բնորոշ «Ո՞րն է ավելի կարևոր՝ անձնական ազատությունը, թե անվտանգությունը» պատումը հետին պլան է մղել շատ ավելի հետաքրքիր մի դիտարկում. ԱՄՆ հետախուզական կազմակերպությունների միավորումը վերածվել է անհաղթահարելի և քիչ օգտակար կոռուպցիոն մեքենայի, որի դեմ ոչ ոքի ուժն այլևս չի պատում։

Fox News հեռուստաընկերության տվյալներով՝ հետախուզությամբ զբաղվող ամերիկյան 16 գործակալությունների ընդհանուր բյուջեն 2000-2010 թվականներին աճել է 250 տոկոսով, ընդ որում աճի միտումը պահպանվում է։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2012 թվականին ազգային (քաղաքացիական) և ռազմական հետախուզության համար ԱՄՆ ծախսել է 75,4 մլրդ դոլար, ինչը համեմատելի է միջին մեծության պետության բյուջեի հետ։ Ընդ որում, Պենտագոնն ունի նաև հետախուզական փակ բյուջե արտասահմանում «չնախատեսված ծախսերի» համար (Overseas Contingency Operations)։

Այդ ծախսերը գլխավորապես հիմնավորվում են ահաբեկչության՝ մեր ժամանակների «գլխավոր չարիքի» դեմ պայքարի անհրաժեշտությամբ։

Միացյալ Նահանգներից Հոնգկոնգ փախած Էդվարդ Սնոուդենի բացահայտումներից պարզ դարձավ, որ գումարները ծախսվում են նաև ամերիկացիների հեռախոսազրույցների գաղտնալսման հսկա համակարգերի, ինչպես նաև ամբողջ աշխարհում համացանցից օգտվողներին հետևելու համար։

 

ԱԱԳ

Այս տեղեկությունը վրդովմունքի մեծ ալիք առաջացրեց ոչ միայն ամերիկյան իրավապաշտպանների և քաղաքացիական ազատությունների համար պայքարող անձանց, այլև արտասահմանցի պաշտոնյաների շրջանում, ինչը զարմանալի չէ, քանի որ Սնոուդենի ասածից հետևում էր, որ բառացիորեն ողջ աշխարհը ԱՄՆ հսկողության տակ է։

Որոնողական համակարգում ցանկացած որոնում կամ աշխարհի ցանկացած կետից ուղարկած էլեկտրոնային նամակ մի քանի ստեղ սեղմելով կարող է հայտնվել Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) տրամադրության տակ։ Ի՞նչ գիտենք, թե ով ինչ գաղտնիքներ ունի։ Այս հանգամանքում ցանկացած ոք կանհանգստանա։

ԱՄՆ-ում այժմ աշխույժ քննարկում է. պետության կողմից քաղաքացիներին համատարած հետևելն արդյո՞ք անվտանգության ապահովման դիմաց ընդունելի գին է։

Բարձրաստիճան պաշտոնյաները, խորհրդարանականները և հետախուզական ծառայությունների ներկայացուցիչները (ինչպես հանրապետականներ, այնպես էլ դեմոկրատներ) միաձայն հայտարարում են, որ սարսափելի բան չկա, քանի որ ահաբեկիչները քնած չեն՝ զօր ու գիշեր նախապատրաստելով հերթական հարձակումը Միացյալ Նահանգների վրա։ Ընդդիմախոսները հակադարձում են, որ այդ անվտանգությունը կարծես «օրուելյան» է դառնում և հիշեցնում են, որ ավելի շատ ամերիկացի է զոհվում սեփական լոգարանում վայր ընկնելուց, քան ամբողջ աշխարհում ահաբեկիչների գործողություններից։

Կրակի վրա յուղ լցրին նաև (այն ժամանակ դեռ) սենատորներ Բարաք Օբամայի և Ջո Բայդենի հին ելույթների ձայնագրությունները, երբ նրանք կտրականապես դեմ էին արտահայտվել անվտանգությունն ազատության հետ փոխանակելուն, սակայն՝ հայտնվելով Սպիտակ տանը, արմատապես փոխել էին իրենց դիրքորոշումը։

Հանրապետականները դեմոկրատներին խարանում են երեսպաշտության համար, մոռանալով, որ քաղաքացիներին հետևելու ծրագրերի նախաձեռնողը ամերիկյան քաղաքականության «չար հանճար»՝ հանրապետական Դիք Չեյնին էր։

Ի դեպ, նա անվերապահորեն պաշտպանում է իր զավակի օրինականությունն ու անհրաժեշտությունը, թեպետև այլ առիթներով հաճույքով «հարվածում» է Օբամային։

Ձախ հեռուստաալիքները (օրինակ, MSNBC-ն) պատասխանում են հանրապետականներին՝ նրանց մեղադրելով «ոստիկանական պետություն» ստեղծելու համար, ուր դեռ 2002 թվականից բոլորին հետևում են, բոլորին գաղտնալսում։ Իսկ ներկայիս նախագահն էլ ստիպված է ապրել այդ ամենի հետ և հանրապետական Կոնգրեսի հակազդման պատճառով ուղղակի չի կարող պայքարել այդ համակարգի դեմ։

Ամերիկյան լրատվամիջոցներում իսկական պատերազմ է սկսվել մի կողմից անձնական ազատությունների պաշտպանների, իսկ մյուս կողմից անվտանգության ջատագովների միջև։

 

Էդվարդ Սնոուդեն

Սակայն մեդիաճակատամարտերի թոհուբոհում մոռացվել է Սնոուդենի բարձրաձայնած ոչ պակաս կարևոր մեկ այլ հարց. ընդհանրապես ի՞նչ է կատարվում ամերիկյան հետախուզությունում։ Ինչո՞վ է այն զբաղված և ինչպե՞ս։ Իսկ այստեղ ասելու շատ բան կա։

Ամերիկյան հետախուզություն իսկապես մեծ գումարներ սկսեցին հոսել 1990-ականների կեսերից։ Համացանցի և բջջային կապի արագ զարգացման պայմաններում հսկայածավալ տվյալներ հավաքելու և վերլուծելու անհրաժեշտություն առաջացավ։

Հատուկ ծառայությունների թվի ու դրանց բյուջեների աճը զգալիորեն արագացավ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, երբ Ամերիկայում (և ամբողջ աշխարհում) պարանոյայի թեթև «համաճարակ» սկսվեց։

Ֆինանսավորման աճի հետ սկսվեց փոխվել նաև ԱՄՆ հատուկ ծառայությունների համակարգը։ Երկար տարիներ հետախուզության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Քրիսթոֆեր Փայլը պատմում է, որ կոնգրեսականները, ովքեր մինչ այդ չէին կամենում աշխատել այդ հանձնաժողովում, սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո հերթ էին զբաղեցնում՝ հանձնաժողովի անդամ դառնալու համար։
Բացատրությունը պարզ էր. համեմատաբար փոքր ու փակ հետախուզական շրջանակներում ըստ սահմանման չկային լուրջ պայմանագրեր ու կապալներ, և լոբբինգ անելու ոչինչ չկար։ Օրինակ ԿՀՎ-ին տրամադրվող գումարները մեծ մասամբ մնում էին վարչության ներսում՝ որպես աշխատավարձ, արտասահմանում այս կամ այն գործողությունների իրականացման ծախսեր, ընթացիկ գործունեության գումարներ։ Ի տարբերություն Պենտագոնի, վարչությունը ավիակիրներ կամ ռեակտիվ կործանիչներ չէր գնում։ Այդ պատճառով էլ պաշտպանության հանձնաժողովում աշխատելը շատ ավելի հետաքրքիր զբաղմունք էր։ Մեկ տանկն ավելի թանկ արժի, քան օտար ինչ-որ երկրում լրտեսական ցանցի մեկ տարվա ծախսերը։

 

ԿՀՎ

Սակայն Ջորջ Բուշ-կրտսերի վարչակազմը լիովին փոխեց այս իրավիճակը։ Հետախուզական ծառայությունների աշխատանքներում ներգրավեցին մասնավոր ընկերություններ, որոնք այս կամ այն գործողությունների համար սկսեցին միլիարդավոր դոլարների կապալներ ստանալ։ Ամերիկյան հետախուզական համայնքն ամբողջովին վերածնվեց։ ԿՀՎ վետերան Ռոբերտ Բաերը, ով աշխատել է այս համակարգում երկար տարիներ, ներկա դրությունն այսպես է բնութագրում.

Հատուկ ծառայությունների ղեկավարները դիմում են Կոնգրեսին ազգային անվտանգության տեսանկյունից առաջնային նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար։ Կոնգրեսը գումար է հատկացնում։ ԱԱԳ-ն, ԿՀՎ-ն կամ որևէ այլ կառույց՝ միլիարդներ ստանալով, անմիջապես մասնավոր ընկերություններ է վարձում, որոնց հանձնարարում է ԱՄՆ-ն ահաբեկիչներից պաշտպանող ևս մեկ արգելապատնեշ ստեղծել։

Համակարգը ստեղծվում է և աշխատում՝ կլանելով նորանոր միլիարդներ։ Ընդ որում Կոնգրեսում քչերը գիտեն, թե ինչ ծրագիր է ստեղծվել, ինչի համար է այն, ինչպիսին են դրա աշխատանքի արդյունքները։
Բացատրությունը պարզ է՝ գաղտնիություն. «Եթե հետախուզության աշխատանքի մեթոդների մասին շատ մարդ իմանա, ապա այդ մասին կիմանան նաև ահաբեկիչները։ Այդ դեպքում ամեն ինչ կորած է»։
Փաստացի այդ ծրագրերը գործում են՝ չվերահսկվելով անկախ դատարանների և/կամ խորհրդարանի կողմից։ Զուտ ձևականորեն դատական վերահսկողություն գոյություն ունի, սակայն այն իրականացնում են գաղտնի դատարանները, որոնց հաճախ մեղադրում են, որ իրենք զբաղված են միայն հատուկ ծառայությունների պահանջով օրդերներ կնքելով։

Սա դեռ ամենը չէ։ Գաղտնի ծրագրերին կարող են մասնակցել միայն այն մարդիկ, ովքեր ունեն գաղտնի տվյալների հետ աշխատելու համապատասխան թույլտվություն։ Մասնավոր կապալառուները նրբորեն են լուծել կադրային խնդիրը. նրանք ուղղակի վարձում են հատուկ ծառայությունների աշխատակիցներին, ովքեր պետության հաշվին արդեն ունեն համապատասխան կրթություն ու գաղտնի տվյալների հետ աշխատելու թույլտվություն։ Ինչից անմիջապես հետո նույն այդ մասնագետի ծառայությունները վերավաճառում են պետությանը, սակայն շատ ավելի թանկ գնով։ Voilà!

Ի դեպ, նույն բանն էլ Սնոուդենի հետ է տեղի ունեցել. նա սկսեց իր կարիերան ԱԱԳ-ում, ապա շարունակեց այն «Բուզ Ալեն Համիլթոն» մասնավոր ընկերությունում, որտեղ նույն աշխատանքն էր կատարում ինչ և պետական ծառայության ժամանակ, սակայն ավելի բարձր աշխատավարձով։

Բաերի խոսքերով՝ Սնոուդենն այս հարցում բացառություն չէ, այլ, ավելի շուտ, օրինաչափություն. ամերիկյան հատուկ ծառայությունները լցված են մասնավոր ընկերությունների աշխատակիցներով։ Ներկայում ԱՄՆ հետախուզուկան բյուջեի 70 տոկոսը բաժին է ընկնում կապալառուներին։
Իսկ ինչն ավելի տհաճ է՝ ամերիկյան հետախուզության վետերանների գնահատականներով, այս միջոցների առյուծի բաժինն անիմաստ է վատնվում։ Նրանք պնդում են, որ Սնոուդենի բացահայտած՝ հեռախոսազրույցներին և էլփոստին հետևող ծրագրերը, իրենց գոյության մի քանի տարում «զրո արդյունք» են տվել։

Սակայն ամերիկյան հատուկ ծառայությունների ղեկավարները հայտարարել են Կոնգրեսում, որ այս ծրագրերի շնորհիվ հաջողվել է «տասնյակ» ահաբեկչություններ կանխել և անգամ արված աշխատանքի վերաբերյալ գաղտնի զեկույց են ուղարկել Սենատ։

Մյուս կողմից, ինչպես հայտնի դարձավ Կոնգրեսում լսումներից մեկ շաբաթ առաջ, Նյու Յորքի մետրոյում ահաբեկչությունների կանխումը, որը սկզբում նկարագրում էին որպես հեռախոսազանգերի գաղտնալսման համակարգի հաջողություն, իրականում բրիտանական հատուկ ծառայությունների (ովքեր վաղուց էին հետևում չկայացած ահաբեկիչներին) հետ համագործակցության արդյունք էր։

Ավելին, Բոսթոնում վերջերս կատարված ահաբեկչությունը կատարյալ ձևով արտացոլում է ծրագրի անկարողությունը։ Քիչ է՝ որ Ցարնաև եղբայրները մշտական կապի մեջ էին Հյուսիսային Կովկասի իրենց բարեկամների հետ, ինչն ինքնաբերաբար պետք է գոնե ԱԱԳ հետաքրքրությունն առաջացներ, դեռ Ռուսաստանի հատուկ ծառայություններն էլ իրենց ամերիկացի գործընկերներին ուղղակիորեն տեղեկացրել էին, որ պետք է աչքը պահել եղբայրների վրա։ Այս ամենից հետո նրանց հեռախոսների համարներն ու համացանցում կապերը պիտի PRISM ծրագրի օպերատորների համար բացարձակ առաջնություն ստանային, բայց ակնհայտ է, որ այդպես չի եղել։
Հարց է առաջանում. եթե PRISM-ը չաշխատեց իդեալականին մոտ իրավիճակում, ապա ի՞նչ օգուտ կարող է այն տալ, երբ գործ ունենա շատ ավելի լավ պատրաստված ու գաղտնապահ ահաբեկիչների հետ, որոնք արդեն կիմանան, որ բառացիորեն ամեն ինչ գաղտնալսվում է։
Թվում է, թե նման ծրագրերից հրաժարվելու գլխավոր ջատագովները պիտի լինեն ամերիկյան հետախուզության ղեկավարները։ Նրանք պիտի սեփական գերատեսչությունների ռեսուրսները խնայելու ու դրանք ավելի արդյունավետ ծրագրերին ուղղելու ամենաշահագրգռված մարդիկ լինեն։ Սակայն իրականում հակառակն է. ՀԴԲ, ԱԱԳ, Ազգային հետախուզության, ԿՀՎ և այլ կազմակերպությունները կողմ են համատարած վերահսկողության ծրագրերը շարունակելուն։ Դժվար չէ հասկանալ, թե որն է գաղտնիքը։
«Բուզ Ալեն Համիլթոն» ընկերությունը, ուր աշխատում էր Սնոուդենը, անցյալ ֆինանսական տարում 5,6 մլրդ դոլար է վաստակել։

Ընդ որում եկամտի 90 տոկոսը անվտանգության ոլորտում պետական կապալներից է (օրինակ՝ ԱԱԳ վճարը PRISM-ի համար և այլն)։Այս ընկերությունը գլխավորում է Ջոն Մաքքոնելը , ով մինչ 2009 թվականը ԱԱԳ ղեկավարն էր։

Առավել ուշագրավ է, որ ներկայում ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենն է «Բուզ Ալեն Համիլթոն»-ի նախկին տնօրեններից Ջեյմս Քլափերը։ Այս իրավիճակը եզակի չէ։ Ամերիկյան հետախուզության ղեկավարությունում բազմաթիվ են կապալառու ընկերություններից եկած աշխատակիցները և հակառակը։

ԱԱԳ նախկին աշխատակից Ուիլիամ Բինին, ով գործակալությունում աշխատել է 37 տարի, պատմում է, որ ներկայում ամերիկյան հետախուզությունն աստիճանաբար ազատվում է այն մարդկանցից, ովքեր փորձում են իրենց գերատեսչությունները վերադարձնել այն բանին, ինչի համար դրանք ի սկզբանե ստեղծված էին. պետության համար հնարավոր և առկա վտանգների վերաբերյալ տեղեկություններ հավաքելուն և վերլուծելուն։

Խրախճանքը ղեկավարում են կապալառուները, որոնք շահագրգռված են, որ ծախսերն ու, համապատասխանաբար՝ ֆինանսական հատկացումներն առավելագույնս ավելանան։ Հետախուզական տվյալների հավաքման այն մեթոդները, որոնք չեն առնչվում միլիարդանոց ծախսերի հետ, բայց արդյունավետ են, հնացած են հայտարարվում։

Բինին, մասնավորապես, պատմել է արդեն հայտնի ահաբեկիչների հեռախոսազանգերին ու համացանցային հաղորդակցությանը հետևող ThinThread համակարգի մասին։ Մասնագետներին ամեն ինչով բավարարող ու գործարկման համար պատրաստի համակարգի ընդհանուր արժեքը 3,2 մլն դոլար էր։ Սակայն 2001 թվականին դրա գործարկումը հետաձգեցին, Trailblazer անունը կրող «կատարելագործած տարբերակով» փոխարինելու համար։ Նորացման մշակումն արժեցավ տարբեր տվյալներով 4–8 մլրդ դոլար, սակայն այն այդպես էլ չաշխատեց, քանի որ պարզվեց, որ լրիվ անօգուտ էր և անպետք։

Ի դեպ, այս ձախողման մասին առաջինը բարձրաձայնած ԱԱԳ աշխատակից Թոմաս Դրեյքին 2010-ին փորձում էին բանտ նստեցնել՝ «լրտեսության» մեղադրանքով։

Բինիի խոսքերով՝ հետախուզական համայնքի ծախսերը իրականում չեն վերահսկում ո´չ Կոնգրեսը, ո´չ դատարանները, ո´չ էլ որևէ այլ մեկը։ Ընդ որում, ներկա դրության մասին ամերիկացիներին պատմելու ցանկացած փորձ պատժվում է արագորեն և խստությամբ։ Պատժելու պատրվակը միշտ մեկն է. պետական գաղտնիքի բացահայտում։

Այս ամենի հետևանքով ամերիկյան հետախուզական ծառայությունների շուրջ մի ամբողջ արդյունաբերություն է ձևավորվել, որը զբաղված է Կոնգրեսում ու հատուկ ծառայություններում կապեր ունեցող կապալառուների հաշիվներին պետբյուջեից գումարներն ուղղելով։
Առատաձեռնության համար «ճիշտ» կոնգրեսականները լավ գումարներ են ստանում հերթական ընտրարշավի համար, իսկ հատուկ ծառայությունների ղեկավարները՝ լավ պաշտոններ ընկերությունների տնօրենների խորհրդում (օրինակ, նույն Մաքքոնելը)։

Բացի կոռուպցիոն գործոնից, նման հետախուզական ծրագրերը հնարավորություն են տալիս հավաքելու մեծ թվով վարկաբեկող տեղեկություններ, օրինակ՝ հատուկ ծառայություններին քննադատող անձանց հետագա շանտաժի համար։ Անհրաժեշտության դեպքում ԱԱԳ կապալառուները նույնիսկ կարիք չեն ունենա իրենք հրապարակել այդ տվյալները. նրանցից կփախչի հերթական Սնոուդենը և կանի անհրաժեշտ բացահայտումները։

Ի դեպ, նա պատմում էր, որ աշխատանքի վայրում առանց դժվարության կարող էր համացանցից ու բջջային հեռախոսից օգտվող ցանկացած ամերիկացու բոլոր տվյալները ստանալ։ Եւ Սնոուդենը միայնակ չէ. ամերիկյան հատուկ ծառայությունների համար այժմ երկու միլիոն մարդ է աշխատում, որոնք կենսականորեն շահագրգռված են պահպանել ստատուս-քվոն։

Քաղաքացիներին հետևելու ԱՄՆ-ում ստեղծվող տոտալ հսկողության համակարգը դեռ ամբողջ թափով չի աշխատում. տեխնիկական հնարավորությունները չեն հերիքում։ Սակայն Յութա նահանգում այժմ արդեն կառուցվում է տվյալների մշակման և պահպանման խոշոր համալիր, որը հետախուզական ծառայություններին նախկինում չտեսնված հնարավորություններ կտա։

Երկար տարիներ ԱԱԳ տեխնիկական բաժինը ղեկավարած վերոհիշյալ Բինիի գնահատականով՝ «Ամբողջական տեղեկատվական իրազեկման» (Total Information Awareness) համակարգի ստեղծման համար կպահանջվի ևս 5–10 տարի։ Այն կկարողանա իրական ժամանակում հետևել ամենքին և յուրաքանչյուրին։ Եվ այդ ժամանակ, հնարավոր է, ամերիկացիներին կկարողանանք շնորհավորել լիարժեք Մեծ Եղբոր ի հայտ գալու կապակցությամբ, որը ոչ միայն կհետևի նրանց, այլև կուշտ կսնվի իրենց հաշվին։

Հեղինակ՝ Իվան Յակովինա, հունիսի 20, Lenta.ru

One response to “Կերակրիր Մեծ Եղբորը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *