Ամերիկյան ԱԹՍ-ի խոցվելու մասին կողմերի պնդումները

Հունիսի 20-ին տեղեկություններ տարածվեցին, որ Իրանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցի հատվածում խոցվել է ԱՄՆ զինված ուժերի անօդաչու թռչող սարք: Միջադեպի մասին կան տարբեր տեղեկություններ: Ստորև փորձել ենք ներկայացնել կողմերի տեսակետները:

Իրան

Միջադեպի մասին առաջինը հայտնեց իրանական կողմը, այդ մասին պաշտոնական հայտարարություն արեց Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)՝ նշելով, որ Հորմոզգանում՝ Քուհ Մուբարաքի շրջանում, խոցել են իրենց օդային տարածք ներխուժած ամերիկյան հետախուզական ԱԹՍ: Իրանի պետական IRNA լրատվական գործակալությունը հայտնում է, որ խոցվածը ամերիկյան ռազմավարական RQ-4 Global Hawk ԱԹՍ է:

ԱՄՆ

Ամերիկյան կողմից միջադեպին պաշտոնապես արձագանքել է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության մամուլի խոսնակ, Բիլ Ուրբանը՝ նշելով, որ «այսօր ԱՄՆ-ի ոչ մի թռչող միջոց չի գործել Իրանի տարածքում»: Նշենք, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը պատասխանատու է հենց մերձավորարևելյան տարածաշրջանի համար:

Անանուն պաշտոնական աղբյուրներ

Ըստ Reuters լրատվական գործակալության՝ ԱՄՆ-ից անանուն պաշտոնյա հաստատել է ԱԹՍ խոցվելու տեղեկությունը, սակայն ի տարբերություն իրանական կողմի հայտարարության՝ աղբյուրը նշել է, որ ԱՄՆ նավատորմի MQ-4C Triton ԱԹՍ-ն խոցվել է միջազգային օդային տարածքում:

Associated Press լրատվական գործակալությունը ևս, հղում անելով ԱՄՆ-ից անանուն պաշտոնյայի, հայտնել է, որ ԱԹՍ-ն խոցվել է միջազգային օդային տարածքում:


Նկատենք, որ իրանական կողմը հայտնել է RQ-4, իսկ ԱՄՆ-ից անանուն պաշտոնյան MQ-4C ԱԹՍ-ի անուններ: Կարող է տպավորություն ստեղծվել, թե միանգամայն տարբեր մոդելների մասին է խոսքը, սակայն երկու ԱԹՍ-ներն էլ նման են միմյանց, արտադրում է նույն ընկերությունը՝ Northrop Grumman-ը: MQ-4C-ը կառուցվել է հենց RQ-4-ի հիմքի վրա:

Ամերիկյան RQ-4 Block 30 Global Hawk անօդաչու թռչող սարքը

Նկատենք նաև, որ Բիլ Ուրբանը, ասելով, որ «ԱՄՆ-ի ոչ մի թռչող միջոց չի գործել Իրանի տարածքում», ըստ էության, չի հակասել ԱՄՆ-ից վերոնշյալ անանուն պաշտոնյային:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *