ՀՀ նախագահ. Խնդրի լուծման տարբերակների մասին որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Ժնևում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Նրանք պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել լարվածությունն էլ ավելի թուլացնելու՝ առաջնագծում կորուստներից խուսափելու համար, իսկ խնդրի լուծման տարբերակների մասին կոնկրետ պայմանավորվածություն չի եղել: 

Սերժ Սարգսյանը շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում

Սերժ Սարգսյանը շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում

Այս մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է հանդիպումից հետո Ժնևում՝ Շվեյցարիայում ՀՀ դեսպանատանը շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց. որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր:», ” հայտնել է Սերժ Սարգսյանը

Բանակցություններին արդյունքներով համատեղ հայտարարությամբ են հանդես եկել նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Համատեղ հայտարարությամբ նշվում էր, որ նախագահները համաձայնել են հաճախակիացնել բանակցային գործընթացը և լրացուցիչ միջոցներ ձեռնարկել առաջնագծում լարվածության թուլացման համար:

Հիշեցնենք, որ նախագահների հանդիպումը կայացել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ: Հանդիպումը տեղի է ունեցել երկու երկրների արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *